Ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը. Հովհաննիսյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
«Բավականին երկար ժամանակ բարդ գործընթացի մեջ ենք գտնվում, և որևէ մեկը չի ասել, որ խաղաղության և հարաբերությունների կարգավորման այս փաստաթուղթը հեշտ է տրվելու»:
Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ երեկ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել է՝ ադրբեջանական կողմից ստացել են խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական պատասխանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ առանցքային հարցերի շուրջ չի հաջողվում համաձայնության գալ, և սրան զուգահեռ պահպանվում են տեղեկությունները սահմանային կուտակումների մասին, արդյոք այս ամենը նշանակո՞ւմ է, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտնում:
Հովհաննիսյանը նկատեց՝ բազմաթիվ դրվագներում դեռևս կողմերի մոտեցումները հեռու են իրարից. «Դուք դա կարող եք և՛ հրապարակային տեսնել, և, իհարկե, բուն գործընթացում է երևում: Երեկ ԱԳ նախարարը խոսեց սրա մասին: 5-րդ շրջափուլն է, որ առաջարկներով փոխանակվում ենք, հիմա ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները, դրանք մեր կողմից կուսումնասիրվեն, և, ըստ այդմ, հետագա պրոցեսները շարունակվում են: Ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը, որքան էլ որ սահմանին որոշակի կուտակումներ կան ադրբեջանական զորքերի»:
Կարծիքներ