Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:

Վարչապետը կարևորել է նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարեկամության ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրավիճակին Ֆրանսիայի արձագանքը մեր ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Վարչապետն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս ԼՂ ժողովրդին չի հասել, և բարձր գնահատել ֆրանսիական կողմի քայլերը:

Ժան-Լուի Բուրլանժը ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:



Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում