Դուրս եկանք ընթացակարգային կարգավորումից. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն դժգոհեց առաջին փուլից
ՀՀ ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը՝ երկրորդ փուլով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:
ՀՀ ազգային ժողովը ավելի վաղ՝ մարտի 4-ին, փակ գաղտնի քվեարկությամբ չէր ընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր:
Թեկնածու Արմեն Հայկյանցը խոսեց ընտրության առաջին փուլից: «Ո՞վ է այն իրավասու անձը, որը պետք է ներկայացնի դատավորներին. բնականաբար նա այն անձն է, որը ի պաշտոնե շատ լավ է ճանաչում դատավորների թեկնածուներին և իր ելույթով, հետագայում նաև հարց ու պատասխանի ընթացքում, պետք է օգնի պատգամավորներին՝ առավել ճանաչելու դատավորի թեկնածուներին: Եվ որևէ այլ դերային գործառույթ, քան դատավորի թեկնածուներին ներկայացնելը և նրանց վերաբերյալ ճանաչողության սահմանների ընդլայնումը, ներկայացնելու իրավասություն ունեցող անձն ուղղակի չուներ: Եվ առաջին փուլում ա ներկայացումից հետո առաջադրված հարցերի շրջանակը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ըստ էության մենք դուրս եկանք այդ ընթացակարգային կարգավորումից, այն ուղեծրից, որը նախատեսում էր օրենսդիրը՝ այդ ընթացակարգը նախատեսելով»,-ասաց Հայկյանցը՝ նկատի ունենալով այն, որ դատավորի ընտրության առաջին փուլում թեկնածուներին ներկայացնող ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ուղղված «Իմ քայլը»-ի պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերում էին Վարդազարյանի ավելի վաղ կատարած հայտարարությանը և որոշ այլ հարցերի:
Հայկյանցը, սակայն չժխտեց, որ բարձրացված և քննարկված հարցերը կարևոր էին պետության համար՝ շեշտելով, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված ընթացակարգը նման կարևորության հարցերի համար նախատեսված չէ: «Եվ դա նշանակում է, որ այսքանով մենք դուրս եկանք այդ ընթացակարգի, այդքանով նաև սահմանադրական օրենքի պահանջի ուղեծրից: Ստացվում է, որ օրվա քաղաքական ուղղվածության տրամադրություններն ամփոփվեցին խորհրդարանական մեծամասնության ընդհանուր եզրակացությամբ, որ մեծամասնությունը որոշել է թեկնածուների ընտրություն չկատարել»,-նշեց թեկնածուն:
Հայկյանցը նշեց Եվրոպական դատարանների խորհրդի խորհրդատվական կարծիքով արտահայտված դիրքորոշման մասին, որը խորհրդարանական քվեարկությամբ ժողովրդավարական լեգիտիմության փոխանցումը դատավորին և այդքանով նաև դատավորի ընտրությունը համարում է լավագույն մեթոդը: «Նման ընթացակարգային, ուղեծրային խախտման պարագայում, այն ժողովրդավարական լեգիտիմության փոխանցումը, որի մասին ակնածանքով խոսում է Եվրոպական դատարանների խորհրդատվական խորհուրդը, ստացվում է, որ մեզ մոտ դառնում է դեֆորմացված՝ այդ քաղաքականացման վտանգով պայմանավորված: Իսկ այն լեգիտիմությունը, որը կարող է փոխանցվել հնարավոր ընտրվող թեկնածուին, դառնում է դեֆեկտային լեգիտիմություն»,-նշեց Հայկյանցը:
Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանք կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն: «Իմ քայլի» պատգամավորների՝ ԲԴԽ նախագահին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին հենց այդ հայտարարությանը:
Կարծիքներ