Պարտադիր զինվորական ծառայության է մեկնել վանաձորցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը:
Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:
Ներկաներին ողջույնի և ոգեշնչման խոսքեր է հղել մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը։ Նորակոչիկներին նա խորհուրդ է տվել պահպանել անվտանգության կանոնները, անսասան պահել հայրենի սահմանները և երբեք չթուլացնել զգոնությունը։
«Սիրելի՛ նորակոչիկներ, ձեր ծառայության ընթացքում հնչած բոլոր կրակոցները թող լինեն միայն ու միայն ուսումնական նշանակության»,-ասել է Արամ Խաչատրյանը։
Թեմակալ առաջնորդն օրհնել է նորակոչիկներին՝ մաղթելով բարի վերադարձ։ Ներկաները միասնական աղոթք են բարձրացրել զինվորների խաղաղ և անփորձանք ծառայության համար։
Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվեց մայոր Հարություն Նալբանդյանը, իսկ «Մարտական ծառայություն» մեդալով՝ կրտսեր սերժանտ Մհեր Ղուկասյանը։
«Մարտական Ծառայություն» մեդալով պարգևատրվեցին նաև սերժանտ Արման Քոչինյանը, կրտսեր սերժանտ Ռուդոլֆ Մկրտչյանը, շարքայիններ Գարիկ Ամիրխանյանը, Նորիկ Զալյանը, Ալիկ Պարանյանը, Մհեր Ստեփանյանը և Վազգեն Հարությունյանը։
Կարծիքներ