Ոչ մի հանդիսատես տոմսեր հետ չի վերադարձրել․ Լյուդվիգ Հարությունյան

Ոչ մի հանդիսատես տոմսեր հետ չի վերադարձրել․ Լյուդվիգ Հարությունյան

Մշակութային կյանքը Գյումրիում 2020-ի ընթացքում։   Համավարակի ընթացքում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  պլանավորած  ծրագրերից քանի՞սը իրականացվեցին, քանի՞սը մնացին անկատար։ 

Freenews-ը շարունակում է հանդիպումները Գյումրու մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ։  

Կատարված և առաջիկայում սպասվելիք ծրագրերի մասին խոսել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Պարոն Հարությունյանը, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացավ հանդիսատեսին հետ վերադարձնել թատրոն։ Համավարակը կարծես պլանավորած բոլոր ծրագրերը ի  չիկ դարձրեց։

 -Մինչ համավարակի թեման՝ կուզենայի անդրադառնալ վերջին մեկ տարում թատրոնում իրականացրած գործունեությանը: 2019 թվականը Գյումրու դրամատիկական թատրոնի համար մեծ հաջողությունների տարի էր, երկար տարիներ թատրոնը հյուրախաղերով չէր մեկնել արտերկիր, իսկ նախորդ տարվա սկզբին մենք առիթ ունեցանք դուրս գալ հյուրախաղերով ԱՄՆ, տարեվերջին՝ 2019-ի դեկտեմբերի 7-ին,Մարկեսի "Երկնագույն շան աչքերը" ներկայացումը ներկայացրեցինք Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի՝ "Բալթյան Տուն" թատրոնում: Ներկայացումը նվիրված էր մեր քաղաքին՝ Գյումրիին, որի շրջանակներում կազմակերպվել էր նաև ցուցահանդես՝ մեր թատրոնի ուժերով: Ես ինձ իրավունք կվերապահեմ ասելու, որ 2019թ.-ը մեր թատրոնի համար բուռն ու հաջողակ ստեղծագործական տարի էր, ինչի մասին փաստում են նաև թվային տվյալները:

Իսկ 2020-ի մեկնարկը ինչպե՞ս տրվեց

 -2020-ը մենք սկսեցինք թատերական նոր նախագծով. հունվարին թատրոնը պատրաստվեց իսկ արդեն փետրվար ամսին իրականացրեց "Հարսանիք թիկունքում" ներկայացման էկրանավորումը՝ Միտոյան Փրոդաքշընի հետ համատեղ: Ֆիլմն էկրաններ պիտի բարձրանար 2020թ.-ի գարնանը, սակայն համավարակի պատճառով պրոեկտի պրեմիերան հետաձգվեց: 2020թ.-ին հանդիսատեսին ներկայացրեցինք նաև երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի կողմից բեմադրած “Հասմիկ” մոնոներկայացումը։  Համավարակն իրոք մեծ հարված հասցրեց մշակութային ոլորտին, և Գյումրու դրամատիկական թատրոնն էլ բացառություն չեղավ: Հետաձգվեցին նաև բոլոր ներկայացումները, որոնք նախատեսված էին ներկայացնելու թատրոնի հանդիսատեսին:

Այս տարվա ընթացքում վերջին ներկայացումը ե՞րբ  է եղել

-Վերջին ներկայացումը մենք խաղացինք մարտի 12-ին, որից հետո աշխատանքային գործունեությունը որպես այդպիսին կանգ առավ: Սակայն դա չխանգարեց շարունակել բնականոն ստեղծագործական աշխատանքները. այս ամիսների ընթացքում թատրոնում ընթանում են նոր ներկայացումների փորձեր՝ համաձայն ՀՀ պարետատան կողմից ներկայացված պահանջների: Պահպանվում են անվտանգության կանոնները, իսկ ներկայացումներում ներգրավված են հիմնականում երիտասարդ դերասաններ: Այդպիսով, մենք փորձեցինք հնարավորինս զերծ պահել մեր ավագ  սերնդի ներկայացուցիչներին այս շրջանում ակտիվ գործունեությունից՝ կապված համավարակի վտանգների հետ:

Քանի՞  ներկայացում է այժմ բեմադրվում

Այս պահին բեմադրվում է 2 նոր ներկայացում, որոնք կսպասեն իրենց հանդիսատեսին՝ թատրոնների գործունեության մեկնարկից հետո: Պետք է նաև նշեմ, որ այս շրջանում Գյումրու դրամատիկական թատրոնի ոչ մի հանդիսատես տոմսեր հետ չի վերադարձրել՝ վստահ լինելով, որ շատ շուտով մենք կրկին կհանդիպենք մեր սիրելի հանդիսատեսի հետ, ինչի համար անչափ շնորհակալ ենք:

Համավարակի այս ժամանակահատվածում գրեթե բոլոր ոլորտները անցում կատարեցին օնլայն հարթակ, իրենց աշխատանքային բնականոն գործունեությունը շարունակելու համար։ Գյումրու մայր թատրոնն ի՞ նչ քայլեր ձեռնարկեց

-Այս ժամանակահատվածում թատրոնը նույնպես ակտիվ էր առցանց հարթակում, իսկ այս պահին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին թատրոնում իրականացնում ենք նոր նախագիծ՝ "Քո Հեքիաթը", որի շրջանակներում մանուկների սիրելի հերոսները հյուր կգան իրենց՝ առցանց միջավայրում: Կցուցադրվի 20 հեքիաթ:

Թատրոնի կրած ֆինանսական վնասները շա՞ տ են և որքա՞ ն ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար

-Համավարակի կողմից հասցված վնասներն ինչ խոսք, մեծ են, խնդիրներ են առաջ եկել նաև ֆինանսական մասով: Առաջին փուլում նախարարությունն աջակցեց թատրոնին, քանի որ գիտեք, որ թատրոնն ունի նաև արտաբյուջե, որով պետք է կարողանա ապահովել աշխատավարձը և լուծել մի շարք այլ խնդիրներ՝ սկսած շենքի պահպանման ծախսերից մինչև մնացած բոլոր խնդիրները: Բնական է՝ եթե չես աշխատում, ապա խնդիրներ կունենաս, այս պահին ևս մենք դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը և սպասում ենք աջակցության: Եթե աջակցություն չլինի՝ թատրոնը միանշանակ կունենա խնդիրներ:

Բացօթյա ներկայացումների համար կա՞ն պայմաններ կամ հնարավություններ

-Այս պահին քննարկվում է բացօթյա ներկայացումների տարբերակը, եթե ՀՀ պարետատնից ունենանք համապատասխան թույլտվություն, Գյումրու դրամատիկական թատրոնը նույնպես կմասնակցի և կսկսի իր բացօթյա ներկայացումների ցուցադրությունը: Իհարկե սա չի վերաբերում բոլոր ներկայցումներին, հիմնականում մանկական ներկայացումներ ենք ներկայացնելուՈւնենք նախնական պայմանավորվածություն Գյումրու Հայորդաց տան տնօրինության հետ, ովքեր սիրով համաձայնեցին, և եթե ամեն ինչ լավ ընթանա՝ մարտի 14-ին նախատեսված մանկական ներկայացման առաջնախաղը կտեղափոխենք Հայորդաց տան բակ և կներկայացնենք տվյալ ձևաչափում:   Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները կլուծվեն, և Գյումրու դրամատիկական թատրոնն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում