Սպիտակ տան հետաքրքիր անդրադարձը Նիկոլ Փաշինյանին

Սպիտակ տան հետաքրքիր անդրադարձը Նիկոլ Փաշինյանին

Հայաստանում մեծ ուշադրության է արժանացել Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, որ նա արել է ԱՄՆ-ում վանդալիզմի մասին խոսելիս, որի թիրախում է հայտնվել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Սպիտակ տան որևէ պաշտոնյա չի արտաբերում ցեղասպանություն եզրը, և մտածել, թե խոսնակը եղել է անզգույշ, հազիվ թե մոտ է իրական քաղաքականության տրամաբանությանը: Առավել ևս, որ արդեն իսկ, թերևս, հետևած կլիներ որևէ պարզաբանում: Ըստ այդմ, պետք է եզրակացնել, որ Սպիտակ տունը օգտագործել է առիթը քաղաքական ազդակի համար: Ո՞ւմ կարող է ուղղված լինել այդ ազդակը: Անկասկած, այն ազդակ է շատերի համար, բայց այստեղ հատկանշական է մի հանգամանք: Խոսքն այն մասին է, որ Սպիտակ տան խոսնակի արտահայտությունը փաստորեն հաջորդում է հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության տոնի առիթով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձին: Ուղերձ, որը ամենևին լոկ շնորհավորանք չէր: Այդ ուղերձում Նիկոլ Փաշինյանը շոշափել էր կարևոր բովանդակություն, ակնարկելով այն մասին, որ թավշյա հեղափոխությունն ու հետհեղափոխական գործընթացը Հայաստանի համար գործնականում գտնվում է անկախության համար պայքարի տրամաբանության ծիրում: Դա ազդակ է, որը Հայաստանի հետ հարաբերության առումով ԱՄՆ համար մշտապես եղել է առանցքային, անկախության հաստատումից ի վեր: Միացյալ Նահանգները, Հայաստանի անկախությունից ի վեր, միայն նվիրատվության աստիճանում Հայաստանին է հատկացրել ավելի քան 2 միլիարդ դոլար: Նահանգների աջակցությունն ունեցել է նաև այլ ծավալներ ու դրսևորումներ, ընդ որում՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ սոցիալ-տնտեսական, կրթական բնագավառներից մինչև ռազմա-քաղաքական և անվտանգային ասպեկտ:

Արժե հիշել, թե օրեր առաջ ինչից էր բողոքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Իհարկե, Նահանգների այդ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ պայմանավորված է ռազմավարական շահով և աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարով, ինչպես Հայաստանի հետ ցանկացած այլ ուժային կենտրոնի, այդ թվում և Ռուսաստանի հարաբերությունը: Դա է միջազգային կյանքը, և այստեղ որևէ մեկի համար չկա գաղտնիք:

Ամբողջ հարցն այն է, որ այդ համատեքստում Նահանգները բազմիցս կարևոր է համարել Հայաստանի անկախ քաղաքականության ունակությունը, որպեսզի լավ հարաբերություն լինի ոչ միայն մեկ երկրի՝ Ռուսաստանի հետ, այլ նաև այլ խաղացողների, այդ թվում՝ Նահանգների: Եվ Հայաստանի համար դա մի բան է, որը բխում է մեր պետական շահից ու անվտանգությունից, նաև մեր պատմական փորձից, որ չի կարելի բոլոր ձվերը դնել մի զամբյուղում, այն էլ այն զամբյուղում, որը մի երկրի ձեռքին է, որն ունի ռազմավարական պայմանագրեր Թուրքիայի հետ, և այդ պայմանագրերի էությունը Հայաստանի ռեգիոնալ սուբյեկտությունը արգելափակելն է: Այս տեսանկյունից, բավականին հատկանշական է, որ հուլիսի 4-ի առիթով վարչապետ Փաշինյանի ուղերձին հաջորդում է Սպիտակ տան հայտարարությունը, որն իր բազմաշերտ շարժառիթների շարքում, անկասկած, քաղաքական աջակցության ազդակ է Հայաստանին՝ անկախ քաղաքականության համար գործընթացում, որի խորքային հիմքը, անկասկած, հենց հայկական հարցն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում