Կորոնավիրուսով հիվանդների միայն 5-6 տոկոսը ունի հոսպիտալացման կարիք. Ավանեսյան
Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում:
«Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում է 5-6 տոկոսի սահմաններում, այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման: Սա միակ ուրախալի լուրն է այս ընթացքում, սրան են նպաստում ինչպես պատվաստվածների արդեն մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ արդեն առկա է հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը:
«Այս պահին մենք այն դեռ ամբողջովին չենք գործարկել և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ: Ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»,- ընդգծեց նախարարը:
Նա նշեց, որ Հայաստանում շարունակում են ակտիվորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ. առաջին դեղաչափ արդեն ստացել է քաղաքացիների 45,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը` 37 տոկոսը:
Նախարարը վստահեցրեց` պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ, կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են:
Ավանեսյանն ասաց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ «Pfizer»-ը Հայաստանում կլինի առաջիկայում:
Կարծիքներ