ԿԳՄՍ փոխնախարարը աշխատանքային այցով Շիրակում էր

ԿԳՄՍ փոխնախարարը աշխատանքային այցով Շիրակում էր

Երբ մտանք Շիրակի մարզպետարան, տեսանք, որ ցուցադրվում են ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները: Սա արդեն ամենալուրջ ուղերձն է այս կառույց մտնող մարդու համար:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ ողջույնի փոխանակումից հետո ընդգծեց աշխատանքային այցով Գյումրի այցելած ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։

Մարզպետը փոխնախարարի այցը սպասված որակեց և Խզմալյանին տեղեկացրեց, որ մեծապես գնահատում է կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության վերաբերմունքը՝ ուղղված Շիրակի մարզին և հատկապես Գյումրիին: Նրա խոսքով՝ այստեղ և՛ ասելիքն է շատ, և՛ անելիքը:

«Այսօրինակ հանդիպումները հաստատում են, որ ապակենտրոնացումը դնում ենք իրական գործնական հենքի վրա՝ Երևանից շատ ծրագրեր ուղղորդելով տարբեր մարզեր։ Մշակութային կյանքի ակտիվացումը Գյումրիում շատ կարևոր է, հատկապես զբոսաշրջության զարգացման առումով»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև մարզի մշակութային ոլորտում առկա խնդիրներից: Որպես առաջնայնություն՝ նշվեց, որ մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրին մինչ օր չունի համերգասրահ և պատկերասրահ: Պատկերասրահի առկայությունը Գյումրի կվերադարձնի 88-ի աղետից հետո՝ Երևան տեղափոխված նմուշները:

«Գյումրիում պատկերասրահ ունենալու դեպքում հնարավոր կլինի Հայաստանի ազգային պատկերասրահին երկրաշարժից հետո ի պահ տրված քաղաքային ֆոնդը վերադարձնել Գյումրի՝ քաղաքի դիմագիծը պահպանելու համար»,- նշեց մարզպետը։

Գյումրու հարստություններից մեկի՝ Սիմֆոնիկ պետական նվագախմբի մասին ևս խոսվեց: ՀՀ-ում և արտերկրում հայտնի սիմֆոնիկը մինչ օրս չունի սեփական տանիք:

«Շատ բարձր եմ գնահատում սիմֆոնիկ նվագախմբի գոյությունը: Սա բացառիկ բան է ՀՀ-ում և ցանկանում եմ, որ համատեղ ջանքերով ավելի ակտիվացնենք մայրաքաղաքի դիրիժորների հետ կապը: Խնդիրները, ըստ հերթականության, լուծվելու են»,- ասաց Արայիկ Խզմալյանը:

Մարզի մշակութային հաստատությունների ղեկավարների հետ ԿԳՄՍ փոխնախարարը ևս հանդիպեց: Վերջինս տեղեկացավ, որ գույքի թարմացման, երաժշտական գործիքների ձեռքբերման, ազգային նվագարանների պահպանման խնդիրներ կան:

Ներկաները Խզմալյանին տեղեկացրին, որ նախարարության կողմից առաջարկվող ծրագրերի ընթացքում առաջ եկած տեխնիկական խնդիրների հաղթահարման, մշակութային հաստատություններն ու արվեստի դպրոցները երիտասարդ կադրերով համալրելուն, մարզի գրադարանային ֆոնդերի ավելացման, սուբվենցիոն ծրագրերում մշակութային հաստատություններին առավել շատ ներգրավվելուն առնչվող դժվարություններ էլ ունեն։

Արայիկ Խզմալյանն էլ ասաց՝ բովանդակային առաջարկներ ստանալու պարագայում դրանց ընթացք կտրվի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում