Այս պահին կամավոր ատեստավորման համար հայտագրվել է 5000 ուսուցիչ. Արաքսիա Սվաջյան
2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։
Ատեստավորման հայտերի ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 15-ն է:
Այս թեմայով «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Երևանի թիվ 29 ավագ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Կոսյանը:
Այս պահին կամավոր ատեստավորման համար հայտագրվել է 5000 ուսուցիչ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ կամավոր ատեստավորման նպատակը ուսուցիչների կարողությունների զարգացումն է և դրա միջոցով խրախուսման միջոցների կիրառումը: ԿԳՄՍ փոխնախարարը տեղեկացրել է՝ այս պահի դրությամբ կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել շուրջ 5000 ուսուցիչ՝ հանրապետության ուսուցիչների 13 տոկոսը:
«Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող և տվյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձինք. այս պահին դիմողների թիվը շուրջ 320 է»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ունեն նաև ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները, որոնք, համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ օգոստոսի 20-ից պետք է ազատվեն աշխատանքից, քանի որ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք:
Միջին մասնագիտական կրթություն ունեցող 1370 ուսուցչից այս պահի դրությամբ հայտագրվել է շուրջ 800-ը:
«Այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել, բայց բավարար արդյունք չեն գրանցել, այս տարի ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ սահմանված շեմը չհաղթահարած 760 ուսուցչից 385-ն այս տարի հայտագրվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով:
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նախորդ տարի բավարար արդյունք չցուցաբերած ուսուցիչներին աջակցելու նպատակով ՀՀ 4 բուհերում նախարարության աջակցությամբ իրականացվում են վերապատրաստման դասընթացներ: Նրանց մեծ մասը՝ 700 ուսուցիչ, հայտագրվել է վերապատրաստման համար:
«Լիահույս ենք՝ այդ ուսուցիչները վերապատրաստումների արդյունքում, բացի շեմը հաղթահարելուց, նաև հավելավճար ստանալու հնարավորություն կունենան»,- հավելել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ատեստավորմանը մասնակցում են նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:
Բոլոր առարկաների կամավոր ատեստավորման ուղեցույցներն արդեն հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում:
Ուսուցիչը կարող է նորից փորձել
Երևանի թիվ 29 դպրոցի ուսուցչուհի Նաիրա Կոսյանը դրական է գնահատել կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչների կարողությունների զարգացման և աշխատավարձի բարձրացման գործընթացը: «Սա ողջունելի գործընթաց է, որովհետև ըստ արժանվույն գնահատվում են այն ուսուցիչները, որոնք շարունակաբար հետաքրքրվել են իրենց առարկայով, աշխատել են, չեն մնացել տեղում»,- ասել է Նաիրա Կոսյանը: Ուսուցչի դիտարկմամբ՝ տվյալ մասնագետի գիտելիքները հնարավոր է ստուգել նաև ավելի քիչ թվով, բայց խելամիտ առաջադրանքներով՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները և խուսափելով տեխնիկական խնդիրներից: Նաիրա Կոսյանը նշել է նաև ռուսական կրթությամբ և ռուսերենով դասավանդող ուսուցիչների համար թեստեր կազմելու անհրաժեշտությունը:
«Ուսուցչի աշխատավարձը բարձրացնող ցանկացած ծրագիր գովելի է: Այս գործընթացում հատկապես կարևոր է այն, որ անցողիկ շեմը չհաղթահարելը ուսուցիչների համար դատավճիռ չէ, և նրանք կարող են նորից փորձել»,- ասել է Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը:
Նա նշել է, որ, այդուհանդերձ, ծրագիրը դեռ կատարելագործվելու կարիք ունի: Տ. Սարդարյանը մտահոգ է՝ արդյոք ծրագիրն ապահովո՞ւմ է նոր ուսուցիչների մուտքը դպրոց և կրթության բարձր որակ: «Երկրորդ տարին է՝ գործարկվում է ծրագիրը, բայց դեռ ուսուցչի պակաս ունենք: Կարծում եմ՝ պետք էր առանց նախապայմանների բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը: Դա զգալիորեն կբարձրացներ ուսուցչի աշխատանքի գրավչությունը, քանի որ տարեց մասնագետներին փոխարինող երիտասարդներ քիչ կան»,- իր դիտարկումն է ներկայացրել Տիգրան Սարդարյանը:
Ուսուցչի աշխատանքը խրախուսելու մեխանիզմները
«Ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացման հնարավորություն տրված է նաև տարակարգի միջոցով: Նոր մեխանիզմ ունենք, որն արդեն գործարկվել է: Դրա միջոցով մինչև 50 տոկոս աշխատավարձի ավելացման հնարավորություն է տրված 4-րդ աստիճանի տարակարգի դեպքում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և նշել, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, և արդեն կան ուսուցիչներ, որոնք ստացել են տարակարգի 4-րդ աստիճան:
Փոխնախարարի խոսքով՝ ուսուցիչներին խրախուսելու տարբեր մեխանիզմներ են մշակվում. «Հանրակրթության մասին օրեքի վերջին փոփոխության համաձայն՝ մանկավարժական կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողները կարող են աշխատել գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցիչների պակաս կա, իհարկե, մենթորական աջակցությամբ»:
Ուսուցիչների խրախուսմանը միտված՝ սեպտեմբերից ներդրվելու է ֆինանսավորման նոր կարգ, ըստ որի՝ ՀՀ բոլոր ուսուցիչների համար կլինի դրույքաչափի փոփոխություն՝ համաչափ բաշխվածությամբ: Դպրոցների ֆինանսավորումը լինելու է դասարան թվով՝ նախկին աշակերտ թվի փոխարեն:
Ի լրումն այս ծրագրի՝ գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ ուսուցիչների դրույքաչափը կամբողջացվի մինչև մեկ դրույք, բայց հավելումը չի կարող լինել ավելի, քան կես դրույքը: «Այսինքն՝ ուսուցիչները մեկ դրույք աշխատավարձ ստանալու հնարավորություն կունենան: Իսկ հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները հավելավճար կստանան»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր չափորոշչի ներդրման, դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի, ուսուցիչների աշխատավարձի և այլ խնդիրների մասին հարցերին:
Կարծիքներ