ՌԴ-ից ժամանած երաժիշտները բարեգործական համերգով հանդես կգան, որի հասույթը կտրամադրվի Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցների կրթությանը
Երգահան Նիկոլա Մելնիկովը, թավջութակահար Գագիկ Մակիչյանը և Հյում համայնքը բարեգործական համերգ կկազմակերպեն Երևանում, իսկ տոմսերից գոյացած գումարը կուղղվի «4090 Բարեգործական» հիմնադրամին, որը տրամադրում է կրթավճար և օգնում 2016 և 2020 թթ. պատերազմի մասնակիցներին ինտեգրվել քաղաքացիական կյանքին
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա նեոդասական կոմպոզիտոր և դաշնակահար Նիկոլա Մելնիկովի և թավջութակահար Գագիկ Մակիչյանի բարեգործական համերգը. երաժիշտները կկատարեն ինքնատիպ ստեղծագործություններ առաջիկա համատեղ ալբոմից։
«Որպես երաժիշտ՝ ինձ համար միշտ կարևոր է եղել ստեղծել և կատարել երաժշտություն բացարձակապես բոլոր մարդկանց համար, այսինքն՝ ոչ միայն նրանց, ովքեր գնել են համերգի տոմս կամ եկել են իմ մասնակցությամբ մասնավոր միջոցառման, այլ նաև հիվանդանոցներում գտնվող փոքր երեխաներ, անբուժելի հիվանդություններով տառապողների և մյուս մարդկանց համար։ Գալով Հայաստան՝ ինձ անմիջապես մտատանջեց հենց այսպիսի համերգ անցկացնելու հարցը. այս դժվարին ժամանակներում երաժշտությամբ մարդկանց օգնելու և միևնույն ժամանակ՝ հաճույք պատճառելու կարողություն էի փնտրում։ Շատ արագ ես գտա համախոհներ՝ ի դեմս Հյում հիմնադրամի: Ծանոթ էի Արցախում տիրող իրավիճակին և համարում էի, որ պատերազմի վետերաններին օգնելը, նոր կյանք գտնելու հնարավորություն ընձեռելն ուղղակի անհրաժեշտություն է։ Այսպես մենք ծանոթացանք 4090 հիմնադրամի հետ»,- ասել է Նիկոլա Մելնիկովը։
«4090 բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո: Նպատակն է՝ տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թթ. պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտներին, գնում են իրենց երազանքի հետևից։ Այս պահի դրությամբ հիմնադրամն ունի ՀՀ-ի և Արցախի տարբեր բուհերում սովորող 60 շահառու։
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
Կարծիքներ