Թրամփը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հանգամանքները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի օրենսդիրները պետք է հետաքննեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման օպերացիան: Այս մասին ասված է հանրապետականի հայտարարության մեջ:
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է հատուկ «հանձնաժողով ստեղծի, որը պետք է ուսումնասիրի [զորքերի] անհաջող դուրսբերումն Աֆղանստանից»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «հասկանալ, թե ինչն է սխալ գնացել, ինչու են այդքան զինվորներ զոհվել եւ ինչու են թալիբները (արմատական թալիբական շարժման ներկայացուցիչները) այդքան միջոց ունեցել իրենց տրամադրության տակ՝ զենքի եւ ռազմական տեխնիկայի տեսքով»:
«Կասկած չկա, որ այս հարցով պետք է հետաքննություն անցկացվի»,- շեշտել է հանրապետականը: Ընդ որում, ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ այդ հետաքննությունն ավելի կարեւոր կլիներ, քան հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հետաքննության մասով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեի գործունեությունը:
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի քաղաքական հակառակորդները քննադատում են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման եւ այնտեղից ամերիկացիների եւ այլ երկրների քաղաքացիների եւ աֆղան փախստականների տարհանման գործընթացը: Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 13 ամերիկացի զինվորական, մի քանի ազդեցիկ հանրապետական պահանջեց Բայդենի հրաժարականը կամ իմպիչմենտը, ինչը նրան պատասխանատու կդարձնի Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչությունը թույլ տալու համար:
Կարծիքներ