Ամեն երեխա կարևոր է. Նունե Սարգսյանն այցելել է «Լուսէ» սոցիալ- վերականգնողական կենտրոն
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, դեկտեմբերի 23-ին այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Կենտրոնը վերականգնողական ծառայություններ է տրամադրում տարեկան ավելի քան 200 երեխաների, որոնք ունեն զարգացման հապաղումներ և տարաբնույթ սոցիալական խնդիրներ:
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ «Լուսէ» կենտրոնի և «Զատիկ» աջակցության կենտրոնի սաների կողմից ներկայացվել է «Քաչալ ոզնին» ստվերների թատրոնը՝ բեմադրված տիկին Նունե Սարգսյանի համանուն հեքիաթի հիման վրա:
Ներկայացման ավարտին երեխաները պատմել են իրենց երազանքների ու ապագա նախընտրելի մասնագիտությունների մասին:
Տիկին Նունե Սարգսյանը, դիմելով երեխաներին ու միջոցառմանը ներկա ծնողներին, մասնավորապես, նշել է.
«Երեխաները մեզ համար այս աշխարհում, այս կյանքում ամենակարևորն են: Ես մշտապես այս միտքն առաջնահերթ կերպով կարևորում եմ իմ ստեղծագործություններում: Իմ գրքերում ես ուզում եմ ապացուցել, որ ամեն երեխա գանձ է, ամեն երեխա կարևոր է, չի կարելի տարբերություն դնել երեխաների միջև:
Երեխաներն ունեն օվկիանոսի չափ երևակայություն: Կխնդրեմ ձեզ չսեղմել, քառակուսու մեջ չդնել նրանց երևակայությունը: Թող երազեն, թող թռչեն, թող դառնան տիեզերագնաց, արվեստագետ կամ այն, ինչ իրենք ցանկանում են»:
Միջոցառման ավարտին երեխաներին անակնկալ այցելել և ուրախացրել է Ձմեռ պապը:
Կարծիքներ