ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ։
ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյի հետ հանդիպմանը քննարկվել են կրթական համակարգում հավասար հնարավորությունների ապահովմանն ու ներառական կրթության համակարգին առնչվող հարցեր:
Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ նախարարությունը որդեգրել է համընդհանուր ներառականության քաղաքականություն, և խտրականության դեմ պայքարի հարցերն առաջնային ուշադրության կենտրոնում են: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական մի քանի ուղղություններ են նախանշվել, այդ թվում՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում և կրթության արդյունավետության բարձրացում:
ԵԽ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կարևոր գործընկերներից է, և կրթության ոլորտում համագործակցությունը ԵԽ-ի առաջնահերթություններից է: Քննարկման ընթացքում որպես համագործակցության կարևոր ուղղություն անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանության խնդրին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի և իրավունքների պահպանությունը ՀՀ-ում պետական առաջնահերթություն է: Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը, իսկ առաջնահերթ նպատակներից մեկը ազգային փոքրամասնությունների դպրոցներում և համայնքներում նախադպրոցական հաստատությունների հիմնումն է։ Նախադպրոցական կրթության կազմակերպումը կնպաստի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում: Ուսուցիչների մասնագիտական որակների զարգացման և աշխատավարձերի բարձրացման խրախուսման ծրագրերի համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերեն, եզդիերեն, քրդերեն դասավանդող ուսուցիչները և խմբակավարները: Դպրոցներում էլ ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները լեզվի ուսուցման սահուն կազմակերպման նպատակով: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների երեխաներին դասագրքերը պետության կողմից տրամադրվում են անվճար։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև ուսուցիչների շրջանում ատելության խոսքի հետ կապված իրազեկության բարձրացումը և այս ուղղությամբ վերապատրաստումների իրականացումը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերում Արաքսիա Սվաջյանը կարևորել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով մեկտեղելու ջանքերը հավասարության և բազմազանության հանրային ըմբռնման բարձրացման ուղղությամբ:
Կարծիքներ