Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ

Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է իրաքյան շիա զինված խմբավորումների հետ իսրայելական նավերի դեմ առաջին համատեղ գործողության մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ըստ շարժման՝ հարվածներ են հասցվել ռազմական տեխնիկայով բեռնված երկու նավի Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի նավահանգստում:

«Եմենի զինված ուժերն իրականացրել են իրենց առաջին երկու համատեղ ռազմական գործողությունները «Իրաքի իսլամական դիմադրություն շարժման» հետ՝ հարձակվելով Հայֆայի նավահանգստում ռազմական տեխնիկա տեղափոխող երկու նավի վրա, ինչպես նաև մի նավի վրա, որը խախտել է Հայֆայի նավահանգիստ մուտքն արգելող որոշումը»,- ասվում է հութիների զինված ուժերի կողմից «Ալ Մասիրա» հեռուստաալիքի համար արված հայտարարության մեջ:

Հութիները նշել են, որ Հայֆայի նավահանգստում համատեղ գործողությունը պատասխան է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողություններին, և «իսրայելական թշնամին պետք է ակնկալի ավելի որակյալ համատեղ գործողություններ մոտակա ժամանակահատվածում` մինչև չդադարեցվի Գազայի հատվածի ժողովրդի դեմ դաժան հանցավոր ագրեսիան»:

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ առևանգվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհվել է գրեթե 36 600 մարդ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում