Ինչ շահեր է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում
Աֆղանստանում ներքին բախումները շարունակվում են, իրավիճակը մնում է խիստ լարված։ Նախօրեին Քաբուլում նախագահի նստավայրը եւս դարձել է ինչ-որ հրթիռների թիրախ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն կան ոչ մեծ չափի նյութական վնասներ։ Հրթիռակոծության պատասխանատվությունը որեւէ խումբ կամ կազմակերպություն դեռեւս չի ստանձնել։ Այդ պահին երկրի նախագահ Մոհամեդ Աշրաֆ Ղանին եւ բարձրաստիճան պաշտոնյաներ նամազ անելիս են եղել։ Նամազից հետո Ղանին խիստ դատապարտել է տեղի ունեցածը եւ մեղադրելով թալիբներին՝ շեշտել, թե նրանք չեն դադարեցնում պատերազմն ու մարդասպանությունը։ Ապա աֆղանցիներին կոչ է արել ձեռք ձեռքի տված պայքարել իրավիճակի ապակայունացման դեմ։ Նշենք, որ հուլիսի 17-18-ը Դոհայում կայացան միջաֆղանական բանակցություններ, որոնց կազմակերպման հարցում, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, նշանակալից դեր ունեցան բրիտանացի գեներալ Նիք Կարտերը եւ Պակիստանը, որն ազդեցություն ունի թալիբների վրա։ Ի դեպ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Աֆղանստանում վերջին բախումների ընթացքում շուրջ 270 հազար մարդ դարձել է փախստական, բայց թալիբները, հերքելով դա, շեշտում են, որ գրավված տարածքների բնակչությունն ինքնակամ, առանց դիմադրության միանում է իրենց։ Այդուհանդերձ, վերջիններիս ու իշխանության ուժերի միջեւ բախումները խիստ վտանգավոր են դարձրել Աֆղանստանում ապրելը։ Ահավասիկ, Ֆրանսիան հատուկ չարտերային չվերթով հուլիսի 17-ին իր դիվանագիտական ոլորտի աշխատակիցների մեծ մասին տեղափոխել է Ֆրանսիա։ Ստեղծված իրավիճակում լարվածություն է առաջացել նաեւ Աֆղանստան-Պակիստան փոխհարաբերություններում։ Իսլամաբադում Աֆղանստանի դեսպանի դստեր առեւանգման ու կտտանքի ենթարկելու փաստերի առնչությամբ դեսպանն ու բոլոր դիվանագետները հետ են կանչվել, Քաբուլը հայտարարել է, թե մինչեւ մեղավորները չպատժվեն, դեսպանը չի վերադառնա։ Թեեւ երկու երկրների ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են այդ հարցը, սակայն, հաշվի առնելով Իսլամաբադի որոշ պաշտոնյաների հայտարարությունները, հազիվ թե հարցը շուտափույթ լուծում ստանա։ Բացի այդ, Պակիստանում հրապարակվել է Աֆղանստանի նոր քարտեզը, որում այդ երկրի Բադախշան նահանգի Պամիր-Վախան շրջանը կցված է Պակիստանին։ Ըստ երեւույթին, նշյալ դեպքերը պատահական չեն, Իսլամաբադը, լարվածություն առաջացնելով Քաբուլի հետ փոխհարաբերություններում, թերեւս, նպատակամղված է ավելի մերձենալ թալիբներին։ Հատկանշական է նաեւ, որ «Թալիբան» շարժման քաղաքական կենտրոնի խոսնակ Մոհամեդ Նաիմ Վարդաքը, անդրադառնալով տեսակետներին, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո այդ երկրում բռնկվելու է քաղաքացիական պատերազմ, նշել է, որ նման բան տեղի չի ունենա։ Այսուհանդերձ, ըստ ամենայնի, սկսված ներաֆղանական բախումները ոչ միայն չեն դադարելու, այլեւ սաստկանալու են։ Վարդաքը «Արաբական 21» հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը Թուրքիային հանձնելու հարցին եւ շեշտել, որ թալիբները դեմ են, ԱՄՆ-ի հետ համաձայնության գալով, օդանավակայանի ու դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու պատրվակով թուրքական ուժերի՝ Աֆղանստանում մնալուն։ Նա հավելել է, որ Անկարան խոստացել է թալիբների համար անընդունելի քայլ չկատարել, սակայն ԶԼՄ-ներից տեղեկացել են, որ Թուրքիան մնալու է։ Վարդաքն ընդգծել է, որ ըստ ԱՄՆ-ի հետ համաձայնության՝ բացառապես բոլոր օտարերկրյա ուժերը դուրս են գալու, եւ որ այդ հարցը փակված է, իսկ թալիբներն Անկարայի հետ քննարկելու որեւէ բան չունեն, եթե չհեռանան թուրքական ուժերը, իրենք, ուրեմն՝ կռվելու են նրանց դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս նախօրեին Կիպրոսի թուրքաբնակ հատվածում ունեցած իր ելույթում խոսել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու մասին։ Նա, թերեւս, ի պատասխան թալիբների, առ այն, որ կռվելու են թուրքերի դեմ որպես օտարերկրյա ուժի, հայտարարել է, թե իրենք եթե կարողացել են ԱՄՆ-ի հետ բանակցել ու համաձայնության գալ, ապա շատ դյուրին կլինի նրանց հետ որոշ հարցերում առկա տարաձայնությունների շուրջ բանակցելը։ Նա շեշտել է, որ հավատքի հարցում որեւէ տարաձայնություն չունեն թալիբների հետ, ինչը նշանակում է, թե ծայրահեղ սալաֆիականությունը եւս ընդունելի է իր համար՝ հանուն թուրքական ծավալապաշտության։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ Թուրքիան, ընդդեմ բոլոր ուժերի, կանգնած է Աֆղանստանի կողքին, մինչդեռ որեւէ երկիր կամ ուժ, բացառությամբ Թուրքիայի եղբայր Պակիստանի, ներկա դրությամբ որեւէ տարաձայնություն չունի Աֆղանստանի հետ, հարցը ներքին հակամարտություններն են։ Մյուս կողմից, եթե թալիբները դեմ են Թուրքիայի ներկայությանը, ապա պաշտոնական Քաբուլը ողջունում է դա։ Իսկ Անկարան, անշուշտ, կանգնելու է նժարի ծանր կողմում։ Էրդողանը շեշտել է նաեւ ԱՄՆ-ի դիվանագիտական, ֆինանսական, լոգիստիկ լուրջ աջակցության անհրաժեշտության, ինչպեսեւ Հունգարիայի ու Պակիստանի հետ համագործակցության մասին։ Ըստ երեւույթին, Անկարան լուրջ հույսեր ունի Պակիստանի միջոցով լուծելու թալիբների հետ տարաձայնությունների հարցը։
Read more at: https://hhpress.am/mijazgayin/2021/3286/?fbclid=IwAR1ftTiD8_pFZcLjXwSSw2_6mD3FAoUKxYJw-j2bC2slFkfvgI5dXYYcTRU
Կարծիքներ