Սյունիքի 51 բնակավայրում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքներ են կատարվում. Վահրամ Դումանյան
Այս պահին Սյունիքում գտնվում է ԿԳՄՍ նախարարության, ՏԿԵ նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը, որոնք 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքներ են կատարում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ Կապան խոշորացված համայնքի 13 կրթահամալիրի կառուցման գործընթացը գտնվում է հետևյալ փուլում. կնքված են պայմանագրերը, որպեսզի նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավարտին հասցվեն, և սկսվի շինարարությունը:
«Սյունիքից բացի՝ մեր մյուս մարզերում ևս սկսված են այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասաց նա:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ հանրապետության մասշտաբով նախագծման փուլում է 40 դպրոց, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվի 2022 թվականին:
«Մանկապարտեզների մասով նշեմ, որ նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարակական աշխատանքներ՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թվականին. սրանք ամբողջական տվյալներն են»,- ասաց փոխվարչապետը:
Նա նշեց, որ 2022 թվականին ստացվել է սուբվենցիոն 178 հայտ, որոնք այս պահին քննարկման փուլում են. այս պահին առնվազն 38-ը ամբողջական նոր մանկապարտեզների կառուցման հայտ է:
Կարծիքներ