Մարտի 8-ը նաև խնդիրները բարձրաձայնելու օր է, տարվա մնացած օրերը՝ դրանց լուծման համար աշխատելու. Բաթոյան

2024 թվականի ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է 481 դիմում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնցից 290-ը (60.29%) ներկայացրել են կանայք։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Ըստ պատգամավորի ներկայացրած վիճակագրության, արձանագրվել է 173 խախտման դեպք, որոնցից 107-ը (61.85%) վերաբերել են կանանց։ Այդ խախտումները հիմնականում կապված են եղել աշխատավարձի և վերջնահաշվարկի վճարման, հղիության պատճառով աշխատանքից ազատման, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի վճարման, ինչպես նաև աշխատողի առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման հետ։
Անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժինը ստացել է 3 դիմում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.3-րդ հոդվածի՝ աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքի խախտման վերաբերյալ։ Սակայն հարուցված վարչական վարույթները կարճվել են՝ աշխատավայրում բռնության կամ բռնության սպառնալիք պարունակող արարքներ չարձանագրելու հիմքով։
«Այս տվյալները տարբեր եզրահանգումների տեղիք են տալիս. օրինակ՝ կանանց աշխատանքային իրավունքները խախտվում են ավելի հաճախ, կանայք ավելի հակված են պայքարելու իրենց իրավունքների համար, վարձատրության, հղիության և մայրության ժամանակահատվածում իրավական պաշտպանությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր, աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող նոր կարգավորումը, որը ուժի մեջ մտավ 2023-ի հուլիսի 31-ին, կարևոր է, սակայն դեռևս բավարար չէ դեպքերի կանխարգելման և իրական պաշտպանության տեսանկյունից։
Մարտի 8-ը նաև այս խնդիրների մասին բարձրաձայնելու օր է, իսկ տարվա մնացած օրերը՝ դրանց լուծման համար աշխատելու»,- գրում է պատգամավորը։
Կարծիքներ