Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր․ ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն այսօր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում վերահսկել են, թե ինչպես են քաղաքացիները կատարում դիմակ կրելու, առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու հակահամաճարակային կանոնների պահանջները։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից զբոսայգիներում կատարված մշտադիտարկումների արդյունքները փաստել են, որ խախտումները և թերություններն օրեցօր պակասում են․ մարդկային կուտակումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ գրանցվել են դիմակը թերի կրելու դեպքեր, տեսուչների ցուցումով խախտումները նույն պահին վերացվել են։
Հայտնաբերվել է դիմակ չկրելու 3 դեպք` անձանցից 2-ը ներկայացրել են քրոնիկ հիվանդության փաստը հաստատող բժշկական համապատասխան փաստաթուղթ (ՀՀ պարետի որոշման համաձայն՝ վերջինիս առկայության դեպքում անձը հանրային բաց տարածքներում կարող է դիմակ չկրել), իսկ մեկ անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում Տեսչական մարմնի տեսուչները կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրել են եռաշերտ բժշկական դիմակներ, կատարել իրազեկման, բացատրական աշխատանքներ և հիշեցրել, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օր մայրաքաղաքում և ՀՀ մարզերում։
Կարծիքներ