Վրաստանը՝ Մերձավոր Արևելքի երկրների զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ:
Ներգնա զբոսաշրջության ընդհանուր պատկերում Մերձավոր Արևելքից այցելուների թիվը շատ փոքր է, սակայն տվյալ պարագայում խիստ կարևոր է դինամիկան: 2022 թվականի արդյունքներով Վրաստանը Մերձավոր Արևելքից ընդունել է 208 341 զբոսաշրջիկ, ինչը 15 անգամ գերազանցում է մեկ տասնամյակ առաջ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվին։
Ավելին, տարածաշրջանից զբոսաշրջիկների թվի աճը գերազանցել է մինչհամաճարակային մակարդակը, ընդ որում՝ նախկին խորհրդային հանրապետությունը Մերձավոր Արևելքից ընդունել է շուրջ 160 000 այցելու: Մերձավոր Արևելքի զբոսաշրջիկների շրջանում Վրաստանը հայտնի է ոչ միայն բնության տպավորիչ տեսարաններով, մատչելի հյուրանոցներով և համեմատաբար մոտ գտնվելու հանգամանքով, այլև օրեցօր ավելացող հալալ սննդի և արաբախոս զբոսավարների առկայությամբ (Middle East Monitor, 2022):
Մերձավոր Արևելքից այցելուների թվի աճը հիմնականում պայմանավորված է Արաբական ծոցի երկրներից, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջիկներով, որին բաժին է ընկնում Մերձավոր Արևելքից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան 50%-ը: 2022 թվականին Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի նախահամաճարակի ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 119 921 այցելուի։
Դիտարկենք, թե ինչպես են դրսևորվում Վրաստանի հաջողության վերոնշյալ գործոնները և, արդյո՞ք, հնարավոր է նման ձեռքբերումն այստեղ:
Միայն 45 երկրի քաղաքացիներ կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի և մնալ երկրում մինչև 180 օր, ինչը երկու անգամ ավելի քիչ է, քան Վրաստանի դեպքում, երբ այդ հնարավորությունը տրվում է 107 երկրի քաղաքացիներին (Աղյուսակ 4): Ընդ որում, առանց մուտքի արտոնագրի Հայաստան կարող են այցելել միայն Մերձավոր Արևելքի 2 երկրի քաղաքացիներ, դրանք են՝ ԱՄԷ-ն ու Կատարը։
Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում ավելի քիչ ուղիղ չվերթեր են իրականացվում տարածաշրջանի բազմաթիվ օդանավակայաններից՝ Դուբայ, Դոհա, Շարժա, Աբու Դաբի, Էր-Ռիադ, Ջիդդա, Դամամ, Դոհա, և դրանք ավելի թանկ են։ Վերոնշյալ քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տոմսի արժեքը մեկնման ամսաթվից 2 ամիս առաջ ամրագրելու դեպքում տատանվում է 82-470 եվրոյի սահմաններում՝ 454 եվրո միջին արժեքով։
Միևնույն ժանանակ, Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է, ըստ Numbeo հանցագործության ինդեքսի՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ անվտանգության առումով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը. հանցագործության ինդեքսը կազմել է 21.6, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78,4: Սա շատ բարձր ցուցանիշ է, և շատ ավելի բարձր է, քան Վրաստանինը, որը զբաղեցրել է 20-րդ տեղը։ Անվտանգության տեսանկյունից Հայաստանը զբոսաշրջիկների համար շատ ավելի նախընտրելի ուղղություն է, քան Վրաստանը (Numbeo, 2023):
Կարծիքներ