Քուանշ ընկեր Քոչարյան, սա էլ հո «ուչաստկովիի» գործ չի, որ ծածկադմփոց լինի գնա. Տարոն Չախոյան
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քուանշ ընկեր Քոչարյան, սա էլ հո «ուչաստկովիի» գործ չի, որ ծածկադմփոց լինի գնա
Քոչարյանն այսօր հայտարարել է, թե Անվտանգության խորհրդի նիստին Մեղրիի հարցը երբեք չի քննարկվել։ Ասել է, թե Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դրան կտրուկ դեմ էին։
Ստորև մի քանի հակափաստարկ կներկայացնեմ առանց մեկնաբանությունների։
Մեղրիի շրջանը փոխանակելու Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկումների մասին հայտարարել են շատերը: Նրանց թվում են Վազգեն Սարգսյանի եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, և այլք:
1) Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատմել է, որ 1999 թ. Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննարկման էր ներկայացրել «Մեղրիի» մի քանի տարբերակ: Ըստ Արամ Սարգսյանի, իր վարչապետության ընթացքում Քոչարյանը Մեղրիի տարբերակի քննարկման հարցը բարձրացրել է 1999 թ. դեկտեմբերին կայացած Անվտանգության խորհրդի նիստում։
2) Վաղարշակ Հարությունյան- Ես սրա մասին խոսել եմ նաև 2001 թվականին, բայց ներկայացնեմ, թե ինչպես է դա եղել՝ երբ, որ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար, Վազգեն Սարգսյանն ինձ ամառանոցում դուրս է հրավիրում, մենք նստած էինք իր ամառանոցում՝ կառավարական, և ներկայացրեց, որ այսպիսի տարբերակ կա, ներկայացվում է, և ասաց՝ «ես խնդրում եմ սրա մասին ոչ մեկին մի ասա, որ ես քեզ դա ասել եմ»։ 1999 թվականի հուլիս ամսին, մինչև հոկտեմբերի 27-ը, մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը և այնտեղ այդ հարցը քննարկվում է, որից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը, ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է և կապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին, բնական է, ես առարկություններ եմ ունեցել, ասել եմ, որ սա տարբերակ է...
Վազգեն Սարգսյանը դեմ էր, Դեմիրճյանը դեմ էր, ինչի մասին խոսել է Դեմիրճյանի ընտանիքը։ Վազգեն Սարգսյանի դեմ լինելը կա նաև գրառում իր գրքում, որտեղ որ ինքը խոսում է Մեղրիի նշանակության մասին։
3) Ռիմա Դեմիրճյանի օրագրից՝ առանց մեկնաբանությունների
Ճիշտ օրը չեմ հիշում, սակայն դա հոկտեմբերն էր, Գերմանիայից վերադառնալուց հետո: Կարենը կանչեց ինձ ու Ստեփանին, Սամվելը Մոսկվայում էր, եւ ասաց, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է առաջարկություն` Ադրբեջանի սահմանից մինչեւ Նախիջեւան, Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու մասին:
Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարեւորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:
Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը եւ Վազգենը նիստից դուրս եկան հուզված եւ փոխված: Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց եւ քշեց կատաղի արագությամբ: Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երեւույթին՝ բարձր ճնշման հետեւանքով, նստեց մեքենան եւ վարորդին ասաց քշել Աշտարակ: Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի: Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում: Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա:
Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել է եղբորը.
— Կամո, իմացիր, ինձ սպանելու են:
Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին: Նրա համառ խորհուրդներին` թիկնապահներ վերցնել իր հետ, Կարենը պատասխանել է.
-Եթե որոշեն սպանել, ապա ոչ մի թիկնազոր չի օգնի: Եվ հետո, ինձ, միեւնույնն է, սպանելու են»,- գրել է նա:
Կարծիքներ