Աֆղանստանի շիական մզկիթներից մեկում պայթյունը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել

Աֆղանստանի շիական մզկիթներից մեկում պայթյունը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել

Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում գտնվող շիական մզկիթում ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 35 մարդ մահացել է, 68-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սա երկրի կրոնական փոքրամասնություններին՝ շիա մուսուլմաններին պատկանող հավատքի վայրում տեղի ունեցած երկրորդ նման դեպքն է վերջին շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այս պահի դրությամբ դեռևս որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար: Մինչդեռ նախորդ շաբաթ Քունդուզ քաղաքում շիաներին թիրախավորած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբակցությունը:

Այս հարձակումներն ահաբեկել են Աֆղանստանի շիական համայնքի ներկայացուցիչներին:

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը խոստացել է իսլամական օրենքների համաձայն պատասխանատվության ենթարկել պայթյունի պատասխանատուներին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում