Քոչարյանը շարքային ստախոս է․ նա ժամանակին պահաջել է, որ «Արաքս» ավիաընկերության 50 տոկոսը տան իրեն
«Ազգային ավիափոխադրող կործանողը խոսում է ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին: Բաց երկնքի դեկլարատիվ փաստաթղթի ստեղծման 400 հազար ԱՄՆ դոլարի մսխման հեղինակը, խոսում է դրա վնասի մասին: Ավիատոմս վաճառողին ավիացիայի ղեկավար նշանակելու վնասարարության մասին խոսացողը Բաքվից անհայտ անձնավորության դնում է ավիափոխադրումների գլխին։ Ռոբերտ Քոչարյանը շարքային ստախոս է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը։
Իսկ Քոչարյանը օրերս Ապարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենա: «Պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է: Իմ նախագահության ժամանակ ազգային փոխադրողն իրականացնում էր չվերթներ միայն Եվրոպայում 7 ուղղություններով»,-ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ինչ-որ հայրենական ավիաընկերության օգնել ոտքի կանգնել որպես ազգային փոխադրող: «3 տարում կործանեցին եղածը: Իմ ունեցած տեղեկություններով՝ կառավարումն ընդհանրապես փլուզեցինք: Մտածում են, եթե մարդը տոմս է վաճառել, կարելի է նշանակել քաղավիացիայի վարչության պետ: Դա նշանակում է, որ նրանք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է կառավարումը»,-նշեց նախկին նախագահը՝ հիշեցնելով, որ իր նախագահության վերջին տարիներին ուղեւորահոսքը գերազանցել է 1 միլիոնը:
Շահեն Պետրոսյանը պատմեց, որ երբ Քոչարյանը վարչապետ էր, իրեն հրավիրել է իր աշխատասենյակ և պահանջել է, որպեսզի ինքը «Արաքս» ավիաընկերության 50 տոկոսը տա իրեն։ «1997 թվականն էր։ Քոչարյանը ինձ կանչեց իր կաբինետ ու պահանջեց, որ ես «Արաքս» ավիաընկերության 50 տոկոսը տամ իրեն։ Ես իրեն պատասխանեցի՝ վարչապետ մարդ ես, կարող ես մտնել պետռեգիստր և նայել, թե ովքեր են «Արաքս»-ի հիմնադիրները, տնօրենը ով է, տեղակալները ովքեր են։ Ես ընդամենը քաղավիացիայի վարչության պետն եմ։ Ճիշտ է, ես աջակցել եմ «Արաքս» ավիաընկերությունը ոտքի կանգնի, աջակցել եմ այնպես, ինչպես մնացած մասնավոր ավիաընկերությունների դեպքում։ Այո, մենք երեք հզոր ավիաընկերություն ունեինք՝ սկսած հայկական ավիաուղիներից։ Մեր բարեփոխումների ծրագրում էր, որ մենք պետք է ներքին ու արտաքին մրցակցություն ունենանք, որ մոնոպոլիաներ չլինեն շուկայում։ Եվ մենք դա իրականացրել էինք, աջակցել էինք մասնավոր ընկերությունների ոտքի կանգնելուն, այդ թվում «Արաքս» ավիաընկերությանը։ Իսկ Քոչարյանը հրավիրել էր իր կաբինետ ու ասում էր, որ «Արաքս»-ի 50 տոկոսը պետք է տամ իրեն։ Էդ խելքով էլ իրենք վարչապետ էին աշխատում, 50/50 ամեն ինչի մեջ փայ մտնելով էլ աշխատում էին։ Այդպես եղավ «Արմենթելի» , «Արմենիա» հյուրանոցի, հանքաարդյունաբերության դեպքում։ Քոչարյանը կամաց-կամաց ամեն ինչ քանդեց երկրում, հիմա հանկարծ ասում է, թե պետք է վերականգնել»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Քոչարյանին մերժելուց հետո արդեն 1998 թվականի փետրվարին, դեռ նախագահ չդարձած, կառավարության որոշմամբ «Արաքս» ավիաընկերությունը վերացրեց. «Երբ ես Քոչարյանին մերժեցի, իսկ մերժեցի, քանի որ այդ ավիաընկերությունը իմ սեփականությունը չէր, նա 98 թվակնաին ուղղակի ոչնչացրեց այս ավիաընկերությունը կառավարության մեկ որոշմամբ։ Նա քինախնդիր մարդ է։ Ուզում էր ասել՝ չեք տալիս ինձ «Արաքս»-ի 50 տոկոսը, ուրեմն ես ձեզ կոչնչացնեմ։ Եվ այդպես էլ արեց՝ ապօրինի ձևով, կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությունը ոչնչացրեց։ Այդ որոշումը հիմա կա, փաստ է։ Այսինքն նա վերացրեց «Արաքս» ավիաընկերությունը, իսկ «Հայկական ավիաուղիները» հասցրեց սնանկացման շեմին։ Այն դեպքւոմ, երբ ես 1996 թվականին դուրս եկա հայկական ավիաուղիներից, 10 միլիոն դոլար պետական գումար էի թողել, որը մաքուր շահույթ էր և դրանով պետք է Բոինգ ձեռք բերեինք։ Իսկ Քոչարյանը 10 միլիոն դոլարը մսխեց, առհասարակ թաթը դրեց օդանավակայանի, առհասարակ ավիացիայի վրա, քանի որ ամենամեծ ֆինանսական հոսքեր այնտեղ էին այդ ժամանակ»,-ընգծեց Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը համաձայն է նաև քաղավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ նոր կառավարության հասցեին հնչող քննադատության հետ, ոչ կոմպետենտ մարդկանց ղեկավար նշանակելու հարցում, սակայն Պետրոսյանի խոսքով, այս հարցում էլ Քոչարյանը խոսելու տեղ չունի, քանի որ հենց նա էր «Բաքվի կլյուչնիկին» բերել (նկատի ունի «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին. խմբ) ու «Արմավիա» էին ստեղծել «Հայկական ավիաուղիների ամբողջ ֆինանսական կապիտալի վրա։ «Քոչարյանին թվում է, թե բոլորս ամնեզիայով ենք տառապում, կամ չկանք, գոյություն չունենք։ Պատմությունը փաստաթղթերով է ստեղծվում, ոչ թե սրա նրա պատմելով»,-եզրափակեց Պետրոսյանը։
Աղբյուրը՝ 1in.am
Կարծիքներ