Աշխատատեղեր ապահովելու նպատակով ծրագրեր են իրականացվել
Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.9 հազար մարդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.3 %-ով: Այս մասին փոխանցում են Զբաղվածության պետական գործակալությունից:
Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.0 %-ը կամ 31.8 հազ. մարդ, նախորդ տարվա 29.0 հազ. մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 70.7 %-ը, կամ 60.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.1 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 65.8 %-ը, կամ 40.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը 19.9 %-ը կամ 12.1 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը 4.0 % կամ 2.4 հազ. մարդ:
ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 51,4 հազ. աշխատանք փնտրող, որոնցից 21.1%-ը՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, 9.8 %-ը՝ մասնագիտական կողմնորոշման, 29.5 %-ը՝ զբաղվածության ծրագրերի, 4.3 %-ը՝ աշխատանքի փոփոխման, 16.1%-ը՝ այլ հարցերով:
Տարեսկզբից զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 20.5 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 2493 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից 43-ը նոր ստեղծված աշխատատեղ է, իսկ աշխատանքի է տեղավորվել 3458 աշխատանք փնտրող /2466-ը՝ կին, 973-ը՝ երիտասարդ, 62–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 541-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 494-ը՝ ուղեգրով:
Պաշտոնական տվյալներով՝ տարբեր պատճառներով կասեցվել է 716 և դադարեցվել՝ 5056 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 1.4 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 20.3 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 59.8 %-ը աշխատանքի տեղավորման և 18.5 %-ը այլ պատճառներով:
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝ 18.0 %, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 20.3 %, կրթության՝ 11.0 %, սպասարկման այլ ծառայությունների 16.5 % և 34.2 % այլ ոլորտներում:
Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմում են ընդհանուրի 35,36 %-ը:
Աշխատատեղեր ապահովվելու նպատակով մի քանի ծրագրեր են իրականացվել:
«Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 104 շահառու, որից` 97-ը՝ կին, 1-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ , 95-ը` երիտասարդ և 32-ը՝ գյուղաբնակ:
Իրականացվել է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 178 շահառու: Նրանցից 152-ը՝ կանայք են, 63-ը՝ երիտասարդ, 6-ը` հաշմանդամություն ունեցող անձինք, 53-ը՝ գյուղաբնակ:
Իսկ «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 531 շահառու, 118-ը՝ կին, 46-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 20-ը` երիտասարդ, 528-ը` գյուղաբնակ:
Նմանատիպ մի քանի ծրագրեր էլ են կյանքի կոչվել, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիների զբաղվածության հարցը լուծվել է: Ընդհանուր առմամբ իրագործվել է 9 ծրագիր:
Կարծիքներ