Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ Վրաստանը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել հարևան Հայաստանին, դա կախված է հայկական կողմից ու այն կարիքներից, որոնք հայերը կունենան ու կասեն, այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին Վրաստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ խոսում են: Հայտարարություն էր եղել ինչպես երկրի ԱԳՆ-ի, այնպես էլ հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության  կենտրոնի կողմից:  Առաջարկվել էր ՀՀ քաղաքացիների  նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: Նաև PCR թեստեր նվիրելու  պատրաստակամություն էին հայտնել:  Հայաստանի կողմից աջակցության խնդրանք չի եղել: Հունիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր`   հոսպիտալացման կարիք ունեցողներ կան, բայց կլինիկաներում տեղ չկա: ՀՀ-ին աջակցելու առաջարկով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստորագրահավաք էր սկսվել: Վիրահայերի կողմից մի քանի տասնյակ շնչառական սարք է գնվել և ուղարկվել ՀՀ, նաև դրամահավաք է արվել ու հանգանակված գումարով մի քանի հազար դիմակ է  ձեռք բերվել ու արդեն բաժանվել  Հայաստանի մարզերում ու Երևանում:

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը մատերի վրա հաշված են, այն էլ` «ներմուծված»: Հատկանշական է, որ հունիսի 14-ից հետո երկրում վարակի ներքին տարածման դեպք չի հաստատվել: Նոր դեպքերը կարանտինում են հաստատվում, վարակակիրների մեծ մասը  բեռնափոխադրումներով զբաղվող վարորդներ են:  Փետրվարի 26-ից մինչ օրս երկրում ընդհանուր վարակվածների թիվը 958 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում