Մեզ պետք է զսպման մեխանիզմ, որ մեզ վրա չհարձակվեն. Տիգրան Մկրտչյան
Տիգրան Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ՀԱՐՁԱԿՎԻ ՄԵԶ ՎՐԱ
Երկար-բարակ գրել չեմ սիրում։ Բայց հիմա ստիպված եմ գրել։ Ու քանի որ էներգիա եմ ծախսել ու գրել եմ, դուք էլ երևի թե կկարդաք մինչև վերջ օգտակար տեղեկատվության նշույլ գտնելու հույսով։ Ներառել եմ նաև այլ ազգերից օրինակներ։
Բոլորս համաձայն ենք, որ մեզ պետք է զսպման մեխանիզմ, որ մեր վրա չհարձակվեն։ Ուրիշ կերպ ասած հարձակվելու դեպքում կորուստներն այնքան շատ լինել, որ ձեռք չտա հարձակվելը։
Այժմ ուժային բալանսում կտրուկ զիջում ենք, բայց եթե անգամ ունենայինք ժամանակակից զենքեր, մեկ է միայն մեր բանակը շատ քիչ է մեր լա՜վ երկար սահամանագիծը պաշտպանելու համար։
Մի երկու թիվ, որ ավելի լավ պատկերացնենք։ Մեր բնակչությունը մինչև 3մլն, ադր + թրք՝ 95մլն։ Մեր 30-50հզ կանոնավոր բանակը երկար չի ձգի անգամ լավ զինված լինելու դեպքում։
Մեր նման փոքր ազգերի դեպքում հարցի լուծման տարբերակ է համապարփակ պաշտպանությունը, այսինքն երկրի պաշտպանությանը մասնակցում են բոլորը։ Օրինակ՝ Ֆինլանդիա, Սինգապուր։ Անգլերեն տերմինը` Comprehensive/total defense system։
Եթե կարճ նկարագրենք, այս համակարգն ապահովում է քաղաքացիական ուժերի միջոցով բանակը մի քանի ժամում դարձնել մի քանի անգամ ավելի մեծ։ Օրինակ, վերջերս խոսում էի մի սինգապուրցու հետ, որն ասում էր, որ ազդանշանը լսելուց հետո մինչև երկու ժամվա ընթացքում պետք է լինի իր համար նախատեսված տեղում, գիտի ինչ զենք է իր վրա կցված ու ինչ պետք է անի կոնկրետ։ Ինքը տարին նվազագույնը մեկ անգամ շուրջ մեկ ամսով գնում է վարժանքների, հանձնում է քննություն։ Ու հետաքրքիր է, որ եթե քննությունը չի հանձնում, ստիպված է ամեն շաբաթ-կիրակի այնքան մարզվի, մինչև ֆիզիկական քննությունը բավարար ստանա։ Այսինքն, օրինակ ավելորդ քաշ ունեցողը պոտենցիալ խնդիրներ է ունենալու քննության հետ ու անվերջ մարզվի։
Հայաստանի դեպքում 50հզ բանակը պատկերացրեք եթե դառնա, օրինակ 300հզ մի քանի ժամում։
Թրք, ադր բանակները միասին 570հզ է, բայց հո չեն կարող ամբողջ բանակը բերել մեր վրա, տրամաբանական չի։ Ու եթե հակառակորդը իմանա, որ իրեն սպասում է 300հզ մարտունակ կռվող, երևի չի հարձակվի։ Դիցուք անգամ եթե կարողանա գրավել, կորուստները շատ մեծ կլինեն, այստեղ կմտածեն՝ արդյոք արժի հարձակվել, թե ոչ։
WINTER WAR
Որպես օրինակ Սովետական միության հարձակումը Ֆինլանդիայի վրա 1939թ (Winter war)։ 430հզ բանակով Կարմիր բանակն ուներ 2300 տանկ, իսկ ֆիններն ընդամենը՝ 26, Սովետականները՝ 2500 ավիատեխնիկա, ֆինները՝ միայն 270: Այսինքն՝ հասկանում ենք, որ ուժային խիստ անհավասարակշիռ վիճակ էր։ Ֆինները խելացի պաշտպանվում են, կազմում են հայտնի Մաներհեյմի գիծը, ավելի լավ են շարժվում ձմռան պայմաններում ու ամենակարևորը ունեին հզոր կամք պաշտպանվելու, դիմադրելու, պայքարելու (resilience)։ Ու արդյունքում ամբողջ երկիրը կորցնելու փոխարեն, կորցնում են միայն 9%-ը։ Մինչդեռ Սովետական Միությունը պլանավորում էր կապիտուլիացիայի ենթարկել։
Հիմա էլ՝ 2023-ին ֆինները հասկանում են, որ ռուսական վտանգը միշտ էլ կլինի ու հատկապես ատոմային զենքի վտանգը։ 5մլն բնակչություն ունեցող երկրում կա 4մլն մարդ երեք ամիս պահելու ապաստարաններում։ Ուղղակի բռնել օրենք են գրել, որ ցանկացած X չափսի շենք պետք է ունենա Y պայմաններով ապաստարան։ Ասենք՝ շենքի parking-ը դառնում է ապաստարան, քնելու տեղով, չոր ուտելիքներով և այլն։
Սինգապուրի Total Defense System-ը բաղկացած է վեց ուղղությունից՝ ռազմական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական և թվային։ Ու որ պատահական տաքսիստի հարցրեցի, հստակ նշեց սրանք
ՀԻՄԱ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ ՄԵՆՔ ՎԱՂՎԱՆԻՑ.
1. Մյուս երկրներում այս համակարգը ներդրվել է պետության կողմից ի սկզբանե։ Մեր դեպքում եթե հասարակական ճնշում լինի պետությունը երևի ստիպված կլինի ներդնել։ Պետք է ճիշտ հասկանանք, որ նման համակարգ չի կարող լինեն ավտորիտար երկրներում, ասենք՝ ադր, ռուս։
2. Կարող ենք սկսել ինքներս մեզնից ու սկսել այս թեման ուսումնասիրել։ Ներգրավել ընկերներին թեմայի մեջ, պատմել։ Եթե կարիք կա, իմ նայած նյութերը կարող եմ դնել մեկնաբանությունում։
3. Սկսենք մեզնից ու մարզվենք ֆիզիկապես։ Սինգապուրում ահավոր շոգ էր, քայլելիս արդեն քրտնում էիր, բայց մարդիկ երեկոյան ժամերին փողոցներում վազում էին։ Մի հիսուն հոգի մոլի դիմաց փոքր բաց տեղում վարժություններ էին անում։ Մարդիկ հասկանում են մարզված, առողջ լինելու կարևորությունը։ Փոր ունենալը հպարտության առիթ չի։
4. Սկսենք մեզնից ու կրակել, կռվել սովորենք Ազատազէնում, ՈՄԱ-ում, Մեծ Տիգրանում, ուսումնասիրենք առցանց նյութեր։
5. Իմանանք որն է մեր գործողությունները տագնապի ժամանակ, մեր ապաստարանի տեղը։ Վաղը առավոտյան զանգենք քաղաքապետարան հարցնենք։ Ուղեցույցը կդնեմ ներքևում։
Պետք է հստակ հասկանանք, որ թեկուզ բանակը լավ զինված լինի, մեկ է քիչ է։ Հնարավոր չի այսքան երկար սահմանը պահել այդ քանակի բանակով։
Ես էլ զենք, կրակել չեմ սիրում, ավելի շատ խաղաղասեր տիպ եմ, բայց այլընտրանք չունենք։ Եթե չռազմականացվենք, ձև չունենք էս հարևանների պայմաններում։ Բոլորիս պարզ է, որ Խրիմյան Հայրիկից մինչև հիմա ոչ մի այլ պետություն մատը մատին չի տալու մեր համար բացի կոչերից։ Էդ է աշխարհակարգը, հարգում են ուժեղներին, ոչ թե թույլերին, հիմարներին։
Ես այս ամենի գիտակը չեմ, վերջին տարիներին եմ սկսել դիտարկել իրավիճակից ելք որոնելու ճանապարհին։ Մտքերը սուբյեկտիվ են, հնարավոր է, չհամաձայնվեք։
Ազատ զգացեք մինչև վաղը երեկո գոնե հինգ հոգու պատմել այս թեմայի մասին»։
Կարծիքներ