Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել մարտական գործողությունների մասնակից շուրջ 6330 շահառուի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հայտնել է, թե մարտական գործողությունների մասնակցած քանի ուսանողի է տրամադրվել ուսման վարձի փոխհատուցում:
Փոխնախարարը հայտնեց, որ 2020/2021 և 2021/2022 ուս.տարվա 1-ին կիսամյակի համար պետության կողմից համապատասխան ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել մարտական գործողությունների մասնակից շուրջ 6330 շահառուի՝ ընդհանուր մոտ 1,4 միլիարդ ՀՀ դրամ: «Այն կրելու է շարունակական բնույթ նաև 2021/2022 ուս.տարվա երկրորդ կիսամյակի և 2022/2023 ուս.տարվա առաջին կիսամյակի համար ՝մարտական գործությունների մասնակից ուսանողների մասով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարարը:
Բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական տարբեր խմբերի ուսանողների համար հավասար մատչելիության բարձրացմամբ և պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականության ապահովմամբ պայմանավորված՝ իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ նպատակ ունենալով ապահովել բարձրագույն կրթության հասանելիությունը և մատչելիությունը, միաժամանակ խրախուսելով և կարևորելով նաև սովորողների առաջադիմությունը, միտված կրթության որակի բարձրացմանը:
Թռչունյանն ընդգծեց, որ նշված փոփոխության արդյունքում 2021/2022 ուստարվա համար պետությունը ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացրել սոցիալական տարբեր խմբերին պատկանող 5722 ուսանողի, որից 2299-ը ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողներ են, 763-ը՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ, 2209-ը՝ մարտական գործողությունների մասնակից, 52-ը՝ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող՝ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողներ, 399-ը՝ ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից: Ուսման վարձի փոխհատուցմանը հատկացվել է մոտ 1,5 միլիարդ ՀՀ դրամի չափով:
Նա նաև հայտնեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայումս լրամշակվել է և սահմանված կարգով գտնվում է շրջանառության մեջ:
«Lրամշակվել և շրջանառության մեջ է գտնվում փոփոխված նոր նախագիծ, որով նախատեսված է բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում, այդ թվում՝ դիմորդներին հնարավորություն ընձեռելով 2023/2024 և հետագա ուսումնական տարիների ընդունելության միասնական քննությունները հանձնելու տարին 2 անգամ՝ հունվար և հունիս ամիսներին»,-ասաց Թռչունյանը:
Կարծիքներ