ԱՄՆ դեսպանատունն Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը նշել է նաև Գյումրիում

ԱՄՆ դեսպանատունն Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը նշել է նաև Գյումրիում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առաջին անգամ ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձը մայրաքաղաքից զատ նշել է նաև Գյումրիում։ Տոնակատարության պատվավոր հյուր է եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, մարզպետը շնորհավորել է դեսպան Քրիստինա Քվինին, ներկաներին ու ԱՄՆ ժողովրդին տոնի առթիվ և նշել, որ ուրախ է արձանագրելու, որ նման միջոցառում անցկացվում է Շիրակի մարզկենտրոնում։

«Այսօր կարևոր իրադարձություն է Գյումրիում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 247-րդ տարեդարձը նշվում է նաև մեր մարզկենտրոնում։ Հայ-ամերկյան բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, անցած տարի էլ մեծ շուքով նշեցինք մեր երկու բարեկամ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը։ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վճռականորեն առաջ է շարժվում բարեկամական կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան հանդիպման ժամանակ արդեն առիթ ունեցել եմ ասելու, հիմա կրկին փաստում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության` կարևորելով ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը»։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Քվինը ևս անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամությանն ու վստահություն հայտնել, որ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն, և փաստել, որ տպավորված է Գյումրիով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում