Հակոբ Սիմիդյանը հանդիպել է RenéMask նախագծի հեղինակներին

Հակոբ Սիմիդյանը հանդիպել է RenéMask նախագծի հեղինակներին

Այսօր  հյուրընկալվել էի «Այբ» դպրոցում։ Այցելել էինք դպրոց՝ ծանոթանալու բնագիտական ուղղվածությամբ իրականացվող ծրագրերին և հանդիպելու RenéMask նախագծի հեղինակներին, ովքեր հեղինակավոր The Earth Prize 2022-ին աշխարհի 114 երկրից 516 դպրոցների շարքում դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում են հայտնվել։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։


«Դպրոցի գործադիր տնօրեն  Դավիթ Սահակյանի ուղեկցությամբ  շրջայց  ենք կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի հնարավորություններին, կրթական միջավայրին, աշակերտների կողմից իրականացված նախագծերին։


«Այբ» դպրոցում բնապահպանական վարքագիծը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը մշտապես ուշադրության կենտրոնում են։ Դպրոցում գործում է հասարակական գործունեության «Էկո» թիմը։ Աշակերտները կամավորական սկզբունքով նախաձեռնում և իրականացնում են շաբաթօրյակներ, ազդապաստառային արշավներ, ստեղծում ահազանգող հոլովակներ ու կազմակերպում տեղեկատվական միջոցառումներ ինչպես «Այբ»-ում, այնպես էլ դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր վայրերում։


Դպրոցի լաբորատորիայում RenéMask նախագծի հեղինակ աշակերտները պատմեցին բժշկական դիմակների վերամշակման իրենց նախագծի մասին և գործնականում ցուցադրել  փորձակումներից մի հատված։


Իմ հիացմունքն եմ արտահայտել առ այն, որ տարբերվող մոտեցումը դասավանդման գործընթացին,աշակերտների մոտ կարող է խթանել նախաձեռնողականությունը՝ զարգացնելով նրանց նորարարական մտածողությունն ու ստեղծարարությունը։


Աշակերտները կարող են և պետք է ներգրավված լինեն իրենց համայնքում, շրջակա միջավայրում  կյանքի որակի և մտածելակերպի փոփոխության և բարելավման գործընթացում։ 
Աշակերտների և ուսուցիչների հետ անմիջական զրույցի ընթացքում հույս եմ հայտնել, որ դպրոցի աշակերտներն ու շրջնավարտներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն ավելի կանաչ ու զարգացող շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականին։
Միևնույն ժամանակ  խոստացել եմ ապահովել հարթակ, որտեղ դպրոցի աշակերտները կգործակցեն Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ՝ ավելի պրակտիկ դաշտում իրենց գիտելիքները կիրառելու և, ինչու ոչ, ոլորտը թարմ գաղափարներով հարստացնելու նպատակով»,- գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում