Բեյրութի օդանավակայանը չի տուժել հզոր պայթյունից
Բեյրութի միջազգային օդանավակայանը չի տուժել օգոստոսի 4-ին քաղաքի ծովային նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից, և աշխատում է սովորական ռեժիմով, հաղորդում է «Lebanon 24» հեռուստաալիքը՝ օդային նավահանգստի ներկայացուցիչին հղումով:
«Նավահանգստում տեղի ունեցած պայթյունը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա, այսօր սպասվում է 25 չվերթի ժամանում»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ պայթյունի ալիքը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքը:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները կոտրվել են, շինությունների մի մասը քանդվել է:
Պայթյունի զոհ են դարձել ավելի քան 130 մարդ, վիրավորվել է քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչ:
Կարծիքներ