Apple-ի նոր ասելիքը․ iPhone 15
Apple-ը 2023թ-ի սեպտեմբերին կներկայացնի iPhone-ի նոր շարքը՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max: Ինչպես iPhone 14 Pro մոդելների դեպքում, iPhone 15 Pro մոդելները կունենան գործառույթներ, որոնք հասանելի չեն լինի ավելի մատչելի` iPhone 15 մոդելներում։
Մենք շատ հեռու ենք iPhone 15-ի հավանական թողարկումից, բայց արդեն վստահ ենք, որ այն կունենա դիզայնի մեկ մեծ փոփոխություն՝ Lightning-ից դեպի USB-C: Ենթադրաբար, դա պայմանավորված է Եվրամիության կողմից ընդունված նոր օրենքով, որը էլեկտրոնիկայի արտադրողներից պահանջում է սարքերում ներառել USB-C միակցիչներ: USB-C պորտերով iPhone 15 Pro մոդելները կաջակցեն տվյալների փոխանցման ավելի բարձր արագությամբ, մինչդեռ ստանդարտ iPhone 15 մոդելները կշարունակեն ունենալ USB 2.0 արագություն, նույնը, ինչ Lightning-ը․ Pro մոդելների ևս մեկ առավելություն:
Ըստ շրջանառվող լուրերի, iPhone 15-ը կունենա Dynamic Island կտրվածք, ինչպիսին iPhone 14 Pro-ն է: Համառ լուրեր են պտտվում, որ iPhone 15-ը կոճակները կփոխարինի հպման սենսորով, ինչպես <<taptic>> գլխավոր կոճակը iPhone SE-ում։ Այս փոփոխությունը կարող է դժվարացնել հեռախոսի վերագործարկումը (restart), եթե ծրագրաշարը սառչի, ինչպես նաև կարող է խնդրահարույց դարձնել պատյանի օգտագործումը։ Հուսանք Apple-ը կվերանայի այս փոփոխությունը։
Որպեսզի սմարթֆոնի օգտագործումը անհարմարություն չառաջացնի, Apple-ը որոշել է կլորացնել անցումը էկրանից դեպի եզր, իսկ եզրից դեպի հետևի վահանակ։ Սա հիշեցնում է MacBook Air M2-ի դիզայնը:
Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ի չափը կլինի 6,1 դյույմ, որը նույնական է iPhone 14 Pro մոդելներին։
iPhone 15 մոդելները կաջակցեն MagSafe լիցքավորմանը և Qi2 նոր ստանդարտին, ինչը թույլ կտա 15 Վտ լիցքավորել ոչ MagSafe երրորդ կողմի աքսեսուարներով:
Շարունակելով սմարթֆոնները մեկնարկայինի և պրեմիումի բաժանելու միտումը՝ Apple-ը կարող է ընտրել տիտանը՝ որպես iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի հիմնական նյութ։ Ընկերությունն այժմ օգտագործում է պողպատ իր ֆլագմանները պատրաստելու համար, սակայն նոր նյութն ավելի ամուր է, կոռոզիոն դիմադրությամբ և ավելի թեթև։ Apple-ն արդեն օգտագործել է տիտան Watch Ultra-ում, ուստի ոչինչ չի խանգարում կիրառել այն նաև iPhone-ի ամենաթանկ մոդելներում։
Հերթական թարմացումը սմարթֆոնի գույնն է․ 2023-ին Apple-ի նորագույն մոդելներում կնկատեք բորդո երանգը։
Ըստ շրջանառվող լուրերի, Apple-ն աշխատում է մինչև 2500 nits պայծառության վրա՝ 14 Pro-ի ներկայիս առավելագույնի՝ 2000-ի համեմատ: Հաշվի առնելով, որ ավելի պայծառ էկրանը Apple Watch Ultra-ի առավելությունն է, զարմանալի չի լինի, եթե նույն հատկությունը կիրառվի նաև iPhone-ի դեպքում:
Նորացված 3 նանոմետրանոց A17 չիպը բացառիկ կլինի iPhone 15 Pro-ի և Pro Max-ի համար, իսկ iPhone 15 մոդելները կօգտագործեն A16 չիպը, որն առկա է iPhone 14 Pro-ում և Pro Max-ում: Apple-ը կօգտագործի Qualcomm-ի 5G մոդեմի չիպերը iPhone 15 շարքի համար: Խոսակցություններ կային, որ Apple-ը կարող է օգտագործել իր սեփական մոդեմային չիպերը հենց 2023 թվականին, սակայն տեխնոլոգիան պատրաստ չի լինի մինչև 2024 թվականը: Բոլոր iPhone 15 և iPhone 15 Pro մոդելները կօգտագործեն նույն Qualcomm մոդեմի չիպը, հավանաբար X70-ը: Qualcomm-ի X70 չիպն առաջարկում է բարելավված AI՝ ավելի արագ մշակման արագության, ծածկույթի ավելի լավ տիրույթի, բարելավված ազդանշանի, ավելի ցածր հետաձգման և մինչև 60 տոկոսով բարելավված էներգիայի արդյունավետության համար:
Տեսախցիկներն iPhone-ի առանձնահատկություններից են, որոնց Apple-ը մեծ տեղ է հատկացնում։ Ամեն տարի ընկերությունը փորձում է օգտատերերին հնարավորինս շատ հնարավորություններ տրամադրել բարձրորակ նկարահանումների համար։ Շրջանառվող լուրերի համաձայն, տեսախցիկների թարմացում այս տարի կստանան միայն բարձրակարգ մոդելները․ iPhone 15 Pro-ի տեսախցիկը կմնա գրեթե անփոփոխ, մինչդեռ iPhone 15 Pro Max-ի ոսպնյակները մարմնից էլ ավելի վեր կցցվեն։ Տեսախցիկի բլոկի չափի աճը կապված է նաև պերիսկոպի ոսպնյակի հայտնվելու հետ, որը կբարելավի օպտիկական խոշորացումը հեռավորության վրա նկարահանելիս:
iPhone 15 Pro Max-ի ենթադրյալ տեսախցիկի համակարգը.
2022 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Sony-ն նոր սենսոր է մշակել, որը կօգնի սմարթֆոնի տեսախցիկին շատ ավելի լույս ստանալ ցածր լուսավորության ժամանակ։ Սա եւս մեկ անգամ կբարելավի գիշերային նկարահանումների որակը: Բացի այդ, iPhone 15-ը և 15 Plus-ն ավելի շատ կհիմնվեն հաշվողական լուսանկարչության և նեյրոնային ցանցերի վրա:
Ըստ երևույթին, Apple-ի մեկնարկային սմարթֆոնները կրկին կմնան առանց էական արդիականացման, և դա ևս մեկ բաժանարար կլինի հիմնական և պրեմիում մոդելների միջև:
iPhone 15-ի մոդելները, հավանաբար, կթողարկվեն 2023 թվականի սեպտեմբերին, եթե Apple-ը հետևի սեպտեմբերի թողարկման իր ավանդական ժամանակացույցին:
Կարծիքներ