Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում
«Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համայնք-պետություն համագործակցության յուրօրինակ մոտեցում են, որոնք կյանքի կոչելը պետք է լինի մեր բոլորի աշխատանքի կարևոր պայմանը։ Շիրակի մարզպետարանում այսօր կայացածաշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը Շիրակի մարզում՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է բոլոր պատասխանատուների համագործակցված աշխատանքին, եւ նշել, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սուբվենցիոն ծրագրերը մեկնարկեն օր առաջ, և բոլոր աշխատանքներն իրականացվեն որակով ու առանց բացթողումների, դրանց ընթացքը պետք է լինի մեր խիստ հսկողության ներքո։ Նշենք, որ 2020 թվականին պետական տարեկան բյուջեներով նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու համար Շիրակի մարզի 33 համայնքների հետ համատեղ կազմվել և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 64 ծրագրային հայտ և բնութագիր, որոնք ոլորտային պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտային մասնագիտացված կառույցների կողմից հավանության են արժանացել: Սուբվենցիոն 64 ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 3 մլրդ 572 մլն 874 հազար դրամ։ Ծրագրային հայտերը ներառում են մի շարք ոլորտներ՝ բնակավայրի փողոցների կառուցում, նորոգում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման, ոռոգման համակարգերի կառուցում, մանկապարտեզների և փողոցային լուսավորության համակարգերի կառուցում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն։
Կարծիքներ