Դեբետ գյուղում 11-ամյա աղջնակը հոսանքահարվել է խաղահրապարակում. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի:
«Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում՝ Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում:
Դեպքի առթիվ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16:00-ի սահմաններում Դեբետ գյուղի խաղահրապարակում իր տարեկից երեխաների հետ պախկվոցի խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ