Թուրքերը Altay տանկերի արտադրության համար շարժիչներ են գտել
Թուրքիայի ՌԾՈՒ զրահամեքենաներ արտադրողը ապագա Altay տանկի ուժային շարժիչի ստեղծման ուղղությամբ աշխատելու համար համաձայնության է եկել հարավկորեական երկու ընկերությունների հետ, հաղորդում է Defense News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրը անանունության պայմանով հայտնել է, որ ընկերությունը գործարքներ է կնքել Doosan-ի եւ S&T Dynamics-ի հետ` տանկի շարժիչը եւ փոխանցման տուփը մատակարարելու համար:
Անկարայում պաշտպանական գնումների բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ «ՌԾՈՒ-ի եւ Հարավային Կորեայի պաշտպանական ընկերությունների միջեւ կարեւոր պայմանավորվածություն է ձեռք բերվել»: Նա չի մանրամասնել ժամկետները:
Altay տանկի արտադրության ծրագիրը բախվել է ուշացման՝ կարեւոր բաղադրիչներին, ինչպիսիք են շարժիչը, փոխանցման տուփը եւ զրահը, հասանելիության բացակայության պատճառով:
Թուրքիան հույս ուներ Altay-ի վրա գերմանական MTU շարժիչ եւ RENK փոխանցմա տուփ տեղադրել, բայց վերջին տարիներին գերմանական արտադրողների հետ բանակցությունները ձախողվել էին` Թուրքիային զենքի մատակարարման դաշնային էմբարգոյի պատճառով:
Altay ծրագրին ծանոթ աղբյուրները նշում են, որ գերմանական արտահանման լիցենզիայի սահմանափակումները շրջանցելու համար հարավկորեական ընկերությունները «ապագերմանացնելու են» գերմանական որոշ բաղադրիչներ:
Հարավային Կորեան K2 Black Panther տանկի արտադրության հարցում արդեն բախվել է նման խնդրի հետ: Դրա տեղակայումը բանակում հետաձգվել է շարժիչի եւ փոխանցման տուփի հետ կապված խնդիրների պատճառով:
Վերջին գործարքների շրջանակներում կորեական ընկերությունները կմատակարարեն էներգաբլոկը եւ կնպաստեն դրա ինտեգրմանը Altay-ին:
Altay ծրագիրը սկսվել է 1990-ականների կեսերին, բայց միայն 2018-ի նոյեմբերին է Թուրքիայի կառավարությունը ՌԾՈՒ-ին տանկի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագիր տրամադրել: Մրցույթում շահել է Otokar ընկերությունը, որը կառավարության պայմանագրով արդեն արտադրել է Altay-ի չորս նախատիպ:
Altay ծրագիրը բաժանված է երկու փուլի՝ T1 եւ T2: T1-ն ընդգրկում է առաջին 250 միավորը, իսկ T2-ը տանկի կատարելագործված տարբերակն է: Թուրքիան նախատեսում է նաեւ ի վերջո արտադրել 1000 Altay տանկ, որին կհաջորդի անօդաչու տարբերակը:
Կարծիքներ