Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը:
Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով: Այդ նպատակով տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, ագրարային ճարտարագիտության, զբոսաշրջության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, ագրոնոմիայի, զբոսաշրջության կրթական գիտություններին և այլ մասնագիտությունների:
Հիմք ընդունելով որոշ ոլորտների (մասնագիտությունների) գծով Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած աշխատաշուկայի վերլուծությունը, ինչպես նաև բուհերում նախորդ ուսումնական տարիներին ըստ մասնագիտությունների մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները և բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների քանակը՝ նախագծվել են 2022/2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի): Տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել նաև շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը. նախապատվությունը հիմնականում տրվել է STEM ոլորտի մասնագիտություններին: 2022-2023 ուստարում բնագիտական բնագավառի մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը 2021-2022 ուստարվա համեմատ ավելացել է 22 տեղով:
Ընդհանուր առմամբ՝ 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1416 տեղ, որից 1101-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Ըստ բուհերի ներկայացրած առաջարկների՝ մասնագիտությունների ցանկը լրացվել է. ԵՊՀ-ում՝ «Լեզվաբանություն» մասնագիտությունը՝ «Վարչագործարարական թարգմանություն», «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունը՝ «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում», «Շուկայագիտություն», «Բարոյագիտություն» մասնագիտությունները՝ նույնանուն կրթական ծրագրերով, ՀԱՀ-ում՝ «Իրավագիտություն» մասնագիտությունը՝ «Մարդու իրավունքներ և սոցիալական արդարություն», ՃՇՀԱՀ-ում՝ «Գեոմատիկա» մասնագիտությունը՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», ՀԱԱՀ-ում՝ «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունը՝ «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր», «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտությունը՝ «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերով և այլն:
Հավելենք, որ նախագծով նախատեսված են պահուստային տեղեր, որոնք, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն նաև ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միավորներ (ՄՈԳ) հավաքած դիմորդներին:
Շահառու խմբերը մինչև փետրվարի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Կարծիքներ