ԵՄ-ն ցանկանում է շարունակել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը
Եվրոպայի արտաքին հարաբերությունների ծառայության (EEAS) 10-ամյակի կապացությամբ «ԵՄ-ն փոփոխվող աշխարհում» խորագրով միջոցառման ժամանակ ծառայության բարձրաստիճան հանձնակատար Ժոզեպ Բորելը իր ելույթում անդրադարձել է Իրանի հետ միջուկային համաձայնագրին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բորելը, անդրադառնալով Իրանում միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը և հիշատակելով համաձայնագրի կարևորությունը, ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքը։
«Սա [Ֆահրիզադեի սպանությունը] ակնհայտորեն հանցագործություն է: Սա լուծման տարբերակ չէ: Մենք փորձում ենք շարունակել Իրանի հետ միջուկային պայմանագիրը, թեև ԱՄՆ-ն դուրս է եկել գործարքից: Հուսով եմ, որ ԱՄՆ-ն կրկին կմիանա գործարքին, և Իրանը կվերսկսի լիովին կատարել իր ստանձնած պարտավորությունները: Այս հարցը շատ կարևոր է մեր անվտանգության համար», - ասել է Ժոզեպ Բորելը։
2015թ․ հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության և 6 երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքվել է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր։ 2018թ․ մայիսի 8-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։
2020թ․ նոյեմբերի 27-ին Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:
Կարծիքներ