Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում բացել ցամաքային սահմանները

Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում բացել ցամաքային սահմանները

2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիուսի տարածման կանխարգելման նպատակով: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:

Վրաստանի կառավարության աշխատակազմից «Ալիք Մեդիային» հայտնել են, որ այս փուլում, Վրաստանի ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմանները բաց են Թուրքիայի ուղղությամբ: Թուրքիա մեկնող քաղաքացիները պարտավոր են մեկնելուց առաջ լրացնել հատուկ անկետա: Ինչ վերաբերում է մյուս հարևանների հետ ցամաքային սահմաններին, կառավարությունը նոր որոշում չի ընդունել և դրանք կշարունակեն քաղաքացիների համար փակ մնալ:

«Երկրի ցամաքային սահմանների վերաբերյալ գործող ռեժիմը դեռ կմնա ուժի մեջ, այս մասին որևէ նոր որոշում չի ընդունվել և ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից»,- նշել են կառավարությունից:

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիները երկրի տարածքը լքելու համար պետք է կառավարությունից ստանան հատուկ թույլտվություն: Ինչ վերաբերում է այլ երկրի քաղաքացիների Վրաստան մուտք գործելուն, ապա մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները երկիր կարող են մուտք գործել օդային ճանապարհով` ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում