Լուկաշենկոն սպառնացել է «վայրկյանական պատասխան հարված» հասցնել լրատվամիջոցներին, եթե վերջիններս երկիրն ապակայունացնելու փորձեր անեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրատվամիջոցներին սպառնացել է «վայրկյանական հարված» հասցնել, եթե վերջիններս երկիրն ապակայունացնելու փորձեր անեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Եթե երկրի դեմ պայքարեք, փորձեք երկիրը քաոսի վերածել ու ապակայունացնել այն, ապա վայրկյանական պատասխան կստանաք»,- այսօր հայտարարել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների անցկացման հիմնական օրն է։ երկրի գործող նախագահն, իր հերթին, արդեն հասցրել է ընտրատեղամաս ժամանել և կատարել իր ընտրությունը։
Բելառուսի առաջնորդը նախ ջերմ շփում է ունեցել ընտրական հանձնաժողովի ղեկավարի, հանձնաժողվի անդամների և դիտորդների հետ։ Այնուհետև անձնագիրը ներկայացնելու հետո նա ստացել է ընտրաթերթիկն ու անցել խցիկի մյուս կողմ՝ քվեարկելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բելառուսում այսօր 08։00-ից բացվել է 5 767 ընտրական տեղամաս, որից 44-ը՝ արտասահմանում, որոնք աշխատելու են 36 երկրի բելառուսական դեսպանատներում և հյուպատոսություններում։
Պետական բարձրագույն այս պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել հինգ քաղաքական գործիչ, որոնց թվում է նաև երկիրը 26 տարի ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոն, որի համար սա արդեն 6-րդ նախագահական ընտրությունն է։
Աղբյուրը մանրամասնում է, որ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի Բելառուսի 6․8 միլիոն քաղաքացի։ Նշվում է, որ ընտրությունները կայացած կհամարվեն, եթե ցուցակագրված քաղաքացիների 50 տոկոսը օգտվի ընտրելու իր իրավունքից։
Կարծիքներ