Բեյրութի նահանգապետը նավահանգստում պայթյունից վնասը 3 – 5 մլրդ դոլար է գնահատել
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտացած պայթյունից վնասը գնահատել է 3 – 5 միլիարդ դոլար: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել է LBC հեռուստաալիքը: Աբբուդը նաև հայտնել է 10 հրշեջների մահվան մասին, որոնք մեկնել էին միջադեպի վայր, և նշել է, որ քաղաքի անօթևան մնացած բնակիչների թիվը հասնում է հարյուրների:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում:
Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ և ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում էր պահեստում:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը՝ վիրավորվել: Երկրում սուգ է հայտարարված:
Բեյրութում, որն աղետի գոտի է ճանաչվել, երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ