Մարց գետի վրա գործող հիդրոկայանը չի վաճառվել 50 հազար դրամով. Փաշինյանի եղբայրը պնդում է՝ կապ չունի տվյալ գործարքի հետ
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանը հոդված էր հրապարակել՝ «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ, որտեղ շոշափվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր՝ Արմեն Փաշինյանի անունը: Այս մասին գրում է MediaNews-ը։
Բանն այն է, որ, ըստ լրատվամիջոցի, Քոքոբելյանները Դարբինյաններից (Սամվել Դարբինյանը երկար տարիներ եղել է Վանաձորի քաղաքապետը, եղբայրը Սեյրան Դարբինյանը, զբաղվել է ՀԷԿ-ի հետ կապված աշխատանքներով) Մարց գետի վրա գործող ՀԷԿ-ը գնել են ընդամենը 50 հազար դրամով՝ Արմեն Փաշինյանի միջնորդությամբ, որը առքուվաճառքից հետո դարձել է«Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը, որը գործարկում է ՀԵԿ-ը:
Արմեն Փաշինյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նյութը հերյուրանք է, ՀԵԿ-ը ձեռք չի բերվել ընդամենը 50 հազար դրամով:
««Արգիշտի-1» ՍՊԸ-ն, որը պատկանում էր Դարբինյաններին, ուներ վարկային պարտավորություն՝ 2 միլիոն 300 հազար դոլարի չափով: Քոքոբելյան Յուրին, որը սեփականատերն է «Արգիշտի-2» ՍՊԸ-ի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին, մարել է այդ ամբողջ գումարը, իսկ իրենց նշած 50 հազար դրամը բաժնեմասի անվանական արժեքն է: Այս դեպքում ինչպես է ստացվում, որ ՀԷԿ-ը 50 հազար դրամով է վաճառվել: Բացի այդ՝ ես ընկերության տնօրենն եմ, սեփականատերը չեմ և որևէ կապ ու առնչություն չեմ ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի հետ»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ՀԷԿ-ը ունեցել է խնդիրներ վարկային պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված, բացի այդ՝ տեխնիկական ինչ-ինչ պատճառներով աշխատել է ոչ իր ամբողջ դրվածքային հզորությամբ. «Քոքոբելյանները 900 հազար դոլարի չափով ներդրում են արել տվյալ ՀԷԿ-ի վրա, որպեսզի այն պատշաճ կարողանան շահարկել»:
Փաշինյանը նաև անդրադարցավ այն պնդումներին, թե գործարքից ընդամենը մի քանի ամիս անց դատարանն ապացուցված էր համարել նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի մեղքը Վանաձորի ենթակայության տարածքներն ապօրինի օտարելու և համայնքին 60 միլիոն դրամի վնաս հասցնելու համար, միաժամանակ, որոշել էր կարճել գործը՝ հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
«Ցանկանում են ցույց տալ, թե գործարքի դիմաց այնպես է արվել, որ Սամվել Դարբինյանի հետ կապված քրեական գործը կարճվի: Այսպիսի խոսակցություններով փորձում են արատավորել և՛ իմ ընտանիքի, և՛ Քոքոբելյանների բարի համբավը: Ես չեմ ճանաչում Դարբինյաններին, որևէ կերպ չէի կարող ազդել նրանց հետ կապ ունեցող քրեական գործի կարճման վրա: Նման մանիպուլյատիվ լուրերով նաև ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը շահարկել և ցույց տալ, թե ներկաները նախկիններից ոչնչով չեն տարբերվում: Բայց ես ևս մեկ անգամ նշում եմ՝ հոդվածում արված պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հորդորում են ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող լուրեր հրապարակելուց»,- ընդգծեց Արմեն Փաշինյանը:
Կարծիքներ