Տարոն Մարգարյանը ՌԴ քաղաքացիություն է ուզում ստանալ որդիներին զինծառայությունից ազատելու համար
Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Տարոն Մարգարյանը դիմել է իր և իր ընտանիքի անդամներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին գրում է MediaNews-ը։
Տասնամյակներով պետական պաշտոններ զբաղեցրած Մարգարյանների ընտանիքը հասցրել է կուտակել ահռելի կարողություն՝ դղյակներ, հողատարածքներ, ընկերություններ, և հիմա պարզվում է Հայաստանի քաղաքացիությունը նրան այլևս հարկավոր չէ։ Ի՞նչն է ստիպում Մարգարյանին ամբողջ ընտանիքի համար ապաստան փնտրել Ռուսաստանում։ Պատասխանը դժվար չէ գուշակել, նախ ամենինչ անել պահպանելու համար կուտակած միլիոնավոր դոլարները և երկրորդ՝ ոչ պակաս կարևոր, իր որդիների համար ստեղծել հնարավորություն չծառայելու հայկական զինված ուժերում։
Հինգ որդիների հայրը հեռուն է մտածում այսօրվանից փորձելով հոգալ երեխաների զինծառայությունից ազատելու հարցերը։ Ինքը լինելով բարձրաստիճան պաշտոնյա նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցել է հեշտությամբ լուծելու զինծառայությունից ազատվելու հարցը, այժմ հերթը հասել է իր որդիներին։ Զավեշտալին թերևս այն է, որ Տարոն Մարգարյանը ամիսներ առաջ Երևանի փողոցներում զբաղված էր հայրենիք «փրկելով», իսկ հիմա պարզվում է Հայրենիքը այլևս իր փրկության կարիքը չունի և առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկել սեփական կարողությունը փրկելու և որդիներին զինծառայությունից ազատելու։
Օրինաչափություն է դարձել այն, որ նախկին պաշտոնյաներից գրեթե բոլորը կամ ունեն օտարերկրյա անձնագրեր կամ երեխաները և թոռները ծնվում են արտերկրում ոչ հայկական անձնագիր ունենալու նպատակով։ Սա լավագույն ցուցիչն է, թե ինչպիսի երկիր են կառուցել երկու տասնամյակ, որ իրենց ժառանգների համար անգամ չեն ուզում Հայաստանի քաղաքացիություն ունենալ։
Կարծիքներ