Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հիշեցնում է ՆԳՆ-ն:

«Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․

1) Իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար:

2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։

3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։

Հորդորում ենք հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։

ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում