Պատուհաս է դարձել. Երևանի քաղաքապետը՝ բացօթյա ապօրինի առևտրի մասին

Պատուհաս է դարձել. Երևանի քաղաքապետը՝ բացօթյա ապօրինի առևտրի մասին

Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 10 արձանագրություն: Թեժ գծի հեռախոսահամարներին ստացվել է 6 հաղորդագրություն, որոնց համապատասխան ընթացք է տրվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց առևտրի և ծառայությունների վարչության ներկայացուցիչը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ նշված խնդրի վերաբերյալ դժգոհություններ է ստանում, քանի որ մի կողմից կան իրավահավասարության, մյուս կողմից՝ առողջապահական խնդիրներ:

«Փողոցում տարբեր մարդիկ են մոտենում և հարցադրում անում, թե մենք հարկեր ենք վճարում, տարածք վարձակալում, ուրիշ «տնտեսվարողներ» առանց հարկ տալու, տարածքի վարձ տալու նույն ապրանքը բերում, նույն գնով վաճառում են: Պատուհաս է դարձել: Ամբողջ Հյուսիսային պողոտան կարծես առևտրի կենտրոն դարձած լինի: Իրավական փոփոխություն պետք է անենք, որ կարողանանք առաջ գնալ:

Սնունդն ու մնացածը, որ վաճառվում են Մաշտոցի պողոտայում, հորդորում եմ քաղաղաքացիներին գնում չիրականացնել, սնունդը դրված է գետնին: Մաշտոցի պողոտայում ամենաշատ արտանետումներն են տեղի ունենում. ավտոմեքենաները՝ շատ, խցանումները՝ շատ, էդ ամենը շերտ-շերտ նստում է վրան: Հետո տանում եք ձեր երեխաները, ձեր թոռները, դուք եք ուտում: Եթե մենք այնտեղից առևտուր չիրականացնենք, նրանք այնտեղ չեն լինելու»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը հիշեցրեց, որ խնդրի կարգավորման համար օրենքի նախագիծ է մշակվել: 

Սարգսյանը հանձնարարեց նաև առաջարկ ներկայացնել նաև փողոցային երաժշտությունը կանոնակարգելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում