Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 10 դեպք
Ընթացիկ տարում առ այսօր Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 10 դեպք, բոլորը շրջաններում, որից 2-ը Ասկերանում, 3-ը՝ Հադրութում, 2-ը Մարտունիում և 3-ը` Քաշաթաղում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արձանագրված 10 դեպքից 2-ին չի ներարկվել հակաօձային շիճուկ, քանի-որ կարիք չի եղել:
Առաջին ահազանգը օձի խայթոցի ստացել ենք Մարտունու շրջանից մարտի 29-ին։ Օձի խայթոցից թունավորվածների 70%-ը տղամարդիկ են: Մանկական տարիքային խմբում դեպք չի արձանագրվել:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 11 դեպք, որից 3-ը երեխաններ են եղել, իսկ քանակային տեսանկյունից 1-ը Ստեփանակերտում, 10-ը՝ շրջաններում (4-ը Մարտակերտ, 2-ը Մարտունի, 4-ը Քաշաթաղ): Առաջին դեպքն արձանագրվել է մայիսի 8-ին, Քաշաթաղում:
Արցախի Հանրապետությունում բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Բոլոր բուժհիմնարկներն ապահովված են հակաթույնով:
Օձերի խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ:
Օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և հետ վերադառնալ նույն ճանապարհով, հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին:
Կարծիքներ