Գոտկատեղի շրջագիծը կարող է վկայել առաջիկա 10-15 տարիներին թուլամտության զարգացման վտանգի մասին
50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար գոտկատեղի շրջագիծը կարող է լինել ցուցանիշ, որը կանխատեսում է առաջիկա 10-15 տարիներին դեմենցիայի զարգացման վտանգ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է International Journal of Epidemiology ամսագրում։
Ինչպես հայտնում է medportal.ru-ն, հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշով եւ գոտկատեղի մեծ շրջագծով մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկը միջինը 28%-ով ավելի բարձր է, քան նորմալ քաշով եւ կազմվածքով մարդկանց մոտ։
Կենտրոնական ճարպակալմամբ (ճարպային կուտակումները փորի շրջանում են) կանանց մոտ առաջիկա 15 տարիներին դեմենցիայի զարգացման հավանականությունը եղել է 39%-ով ավելի բարձր, քան նրանց մոտ, ում գոտկատեղի շրջագիծը չի գերազանցել թույլատրելի թիվը։
«Փորի չափի մեծանալուն զուգընթաց՝ գլխուղեղում հիշողության կենտրոնը նվազում է, ցույց են տվել նախորդ հետազոտությունները»,- CNN-ին հայտնել է Քորնելի համալսարանի Ալցհեյմեր հիվանդության կանխարգելման կլինիկայի (The Alzheimer's Prevention Clinic (APC) at Weill Cornell Medicine) ղեկավար Ռիչարդ Այզեքսոնը: Նրա խոսքերով՝ այդ հետազոտությունը շատ կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ գոտկատեղի շրջագծի մեծացումը իսկապես կապված է դեմենցիայի հետ: Նա ինքը, սակայն, այս ուսումնասիրությանը չի մասնակցել:
«Դեմենցիան 21-րդ դարի կարեւորագույն խնդիրներից է, որը կարող է սպառնալ բնակչության առողջ ծերացմանը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճարպակալման տարածվածությունը այդ խնդրի մի մասն է»,- ասել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) պրոֆեսոր Էնդրյու Սթեփթոուն:
Հետազոտության շրջանակներում գիտնականները չափել են փորձի 6582 մասնակիցների հասակը, քաշը եւ գոտկատեղի շրջագիծը, իսկ հետո նրանց հետեւել 11 տարի: Հետազոտության հեղինակները նաեւ մասնակիցների վերաբերյալ ժողովրդագրական տեղեկատվություն եւ նրանց առողջության մասին մանրամասն տվյալներ են հավաքել: Ավարտելով իրենց դիտարկումները՝ նրանք վերլուծել են, թե ինչպիսի կազմվածքով մարդկանց մոտ է ավելի հաճախ թուլամտություն առաջացել։
Կարծիքներ