Վրաստանը հույս ունի դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում
Վրաստանը հույս ունի դրական դերակատարություն ունենալ Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Մենք կարողացել ենք, չնայած տարածաշրջանում տիրող հակամարտությանը, ընտրություններ անցկացնել հանգիստ մթնոլորտում: Ընտրական գործընթացը խաղաղ ավարտ է ունեցել այն շրջաններում, որոնցում կողք-կողքի բնակվում են հայկական և ադրբեջանական ծագում ունեցող մեր քաղաքացիները: Դա նշան է այն բանի, որ այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին հանդիսանում է կայունության կղզյակ և մի երկիր, որտեղ շարունակվում են հանդուրժողականության և կովկասցիների համակեցության ավանդույթները: Հուսով ենք, որ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում, ինչը պարտադիր պայման է հանդիսանում երեք երկրների ապագայի համար»,- ասվում է վրաց նախագահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Կարծիքներ