Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է Ասանժին ԱՄՆ արտահանձնումը վիճարկելու իրավունքը
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը զրկել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու Լոնդոնի Գերագույն դատարանի որոշումը վիճարկելու իրավունքից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է դատարանի տարածած հաղորդագրության մեջ։
Գործն այժմ կուղարկվի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելին, որը պետք է վերջնական որոշում կայացնի ավստրալացուն ԱՄՆ արտահանձնելու մասին, որտեղ նա մեղադրվում է ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման ամենամեծ դեպքի հետ կապված հանցագործությունների մեջ: Իր դեմ առաջադրված մեղադրանքի հիման վրա WikiLeaks-ի հիմնադիրին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։
2021 թվականի հունվարին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատուրայի դատարանը վճռեց, որ WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնումն անօրինական կլինի, քանի որ Ասանժը, ով տառապում է աուտիզմով և կլինիկական դեպրեսիայով, պատրաստ է ինքնասպանության և կիրականացնի իր ծրագիրը, եթե հայտնվի ամերիկյան բանտում։ Դա հիմք է հանդիսացել Ասանժին ԱՄՆ արտահանձնումից հրաժարվելու համար, որտեղ նրա դեմ հարուցվել է 18 քրեական մեղադրանք, սակայն այս որոշումը հաջողությամբ վիճարկվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, որ Ասանժը կարող է արտահանձնվել Միացյալ Նահանգներին։ Ջո Բայդենի վարչակազմը չի պնդի մեղադրյալին առավելագույն անվտանգության բանտում պահել և թույլ կտա դատապարտվելու դեպքում պատիժը կրել հայրենի Ավստրալիայում:
Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը 50-ամյա ավստրալացուն հնարավորություն է տվել բողոքարկել դատավճիռը։ Տեսականորեն Ասանժը, ով 2019 թվականի ապրիլից գտնվում է Անգլիայի Բելմարշ բանտում, դեռ հնարավորություն ունի վիճարկել թագավորության բարձրագույն դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
Կարծիքներ