Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում հսկողության ուժեղացված միջոցառումները
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։
Ինչպես հայտնել է նախարարը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ Զեկուցվել է նաև, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։
«Պետք է նշեմ, որ այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից և «Սևան» ազգային պարկի տարածքից շարունակում են կամովին դուրս բերել իրենց լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։ Պատասխանատուներին խնդրել եմ ուշադրության կենտրոնում պահել և մշտադիտարկումներ անցկացնել, որ այս դրական տենդենցները շարունակվեն։
Հատուկ խնդիր եմ ձևակերպել շուկաներում և վաճառքի կետերում ուժեղացնել վերահսկողությունը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև առկա խնդիրները՝ կապված առգրավված ձկնապաշարի պահման և գիտական համայնքի կողմից իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ։
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում եմ աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտեցեք համազգային կարևորության այս խնդրին և աջակցեք որսի արգելքի միջոցառումների իրականացմանը»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը:
Կարծիքներ