Պոմպեոն առանց ապացույցներ ներկայացնելու հայտարարել է, որ «Ալ-Քաիդան» Իրանում նոր բազա ունի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, առանց որեւէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, հայտարարել է, որ «Ալ-Քաիդան» նոր բազա է հիմնել Իրանում, հաղորդում է Reuters-ը:
Պոմպեոն պնդել է, որ Իրանը ապաստան է տրամադրել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներին եւ աջակցություն ցուցաբերել խմբավորմանը՝ չնայած հետախուզական համայնքում եւ Կոնգրեսում տիրող որոշակի թերահավատությանը:
Անցյալ տարվա նոյեմբերին New York Times-ը հայտնել էր, որ «Ալ-Քաիդա»-ից Աբու Մուհամմադ Ալ-Մասրին, որը մեղադրվում է 1998թ. Աֆրիկայում ԱՄՆ երկու դեսպանատների պայթեցման մեջ, իսրայելցի գրոհայինների կողմից սպանվել է Իրանում։ Իրանը հերքել է այս հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ իր տարածքում «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչներ չկան:
Պոմպեոն այսօր հայտարարել է, որ ինքը առաջին անգամ Ալ-Մասրիի մահվան մասին հրապարակավ հայտարարել է անցյալ տարվա օգոստոսի 7-ին: Պետքարտուղարի խոսքով՝ նրա ներկայությունն Իրանում անսպասելի չի եղել: «Ալ-Մասրիի ներկայությունը Իրանում մատնանշում է այն պատճառը, որի համար մենք այսօր այստեղ ենք... «Ալ-Քաիդան» նոր բազա ունի՝ դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ում հերքել է Պոմպեոյի մեղադրանքները՝ դրանք անվանելով «պատերազմ հրահրող սուտ»:
Իրանը հայտնվել է Թրամփի վարչակազմի թիրախում, եւ վերջին շաբաթներին Պոմպեոն նոր պատժամիջոցների եւ կոշտ հռետորաբանության միջոցով փորձում էր էլ ավելի մեծացնել ճնշումը Իրանի վրա:
Նորընտիր նախագահ Ջո Բայդենի խորհրդականները կարծում են, որ Թրամփի վարչակազմը փորձում է իրենց համար դժվարացնել Իրանի հետ փոխգործակցության վերականգնումը:
Պոմպեոն հավելել է, որ պատժամիջոցներ է կիրառում «Իրանում տեղակայված «Ալ-Քաիդա»-ի առաջնորդների եւ «Ալ-Քաիդա»-ի քրդական գումարտակների երեք ղեկավարների նկատմամբ:
Նա նաեւ հայտարարել է մինչեւ 7 միլիոն դոլար պարգեւատրման մասին` «Իրանում տեղակայված «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Մուհամմադ Աբբաթայի գտնվելու վայրի մասին կամ նույնականացմանը նպաստող տեղեկատվության համար:
Պոմպեոն նախկինում Իրանին մեղադրել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապերի մեջ, բայց կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել:
Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի ավելի վաղ մեղադրանքները՝ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա»-ի հարձակումների հետ Իրանի կապի վերաբերյալ, չեն հաստատվել: Բայց տարիների ընթացքում հաղորդումներ են եղել Իրանում «Ալ-Քաիդա»-ի զինյալների թաքնվելու մասին:
ԱՄՆ հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ով անմիջականորեն ծանոթ է այս հարցին, ասել է, որ իրանցիները երբեք մտերիմ չեն եղել «Ալ-Քաիդա»-ի հետ՝ ոչ մինչեւ սեպտեմբերի 11-ի հարձակումները, ոչ դրանից հետո, եւ համագործակցության մասին ցանկացած հայտարարության պետք է զգուշորեն վերաբերվել: Շիական Իրանը եւ սուննի մահմեդական «Ալ-Քաիդա» խմբավորումը երկար ժամանակ աղանդավորական հակառակորդներ են եղել:
Կարծիքներ