Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին հանձնվեցին Հայաստանի Ազգային ժողովի պարգևները
Հունվարի 12-ին դեսպան Տիգրան Բալայանը` Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալներ է հանձնել Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներ, Նիդեռլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ Պիտեր Օմզիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարթայն ֆան Հելֆերթին և Սադեթ Կարաբուլութին։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:
ՀՀ Ազգային ժողովի բարձր պարգևները նիդեռլանդացի պատգամավորների երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով նրանց նշանակալի ջանքերի, ինչպես նաև միջազգային ասպարեզում Արցախի դեմ ադրբեջանական-թուրքական ագրեսիայի դատապարտման գործում ունեցած ավանդի համար է։
Հանձնելով պարգևները՝ դեսպան շեշտել է, որ ՀՀ ԱԺ պատվո մեդալները Հայաստանի երախտիքի արտահայտություն են տարիներ ի վեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցության խորացման, դրանք նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ կատարած հսկայական աշխատանքի, նաև մարդու իրավունքների պաշտպանության, ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու, ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի դատապարտման գործում պատգամավորների անխոնջ ջանքերի համար։
Նիդեռլանդների խորհրդարանի անդամները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծեցելով, որ իրենց գործունեությունն ուղղված է համամարդկային արժեքների պահպանմանը և բռնապետական ռեժիմների անպատժելիության բացառմանը։
Պատգամավորները կարևորել են Նիդեռլանդների խորհրդարանի կողմից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված բանաձևերի դրույթների իրականացումը՝ նոր պատերազմի կանխարգելման առումով։
Պատգամավորների հետ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել զինադադարի հաստատումից հետո ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից զինադադարի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին և դրա հետևանքներին։
Կարծիքներ