Ավարտվեց «Լավագույն ուսանող» մրցույթը. 34 ուսանող ստացավ անվանական կրթաթոշակ

Ավարտվեց «Լավագույն ուսանող» մրցույթը. 34 ուսանող ստացավ անվանական կրթաթոշակ

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու նախապայման: Մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և եղել են առավել ակտիվ համապատասխան մասնագիտական ոլորտներում:

Այս մասին ասաց  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակներ հանձնելու արարողության ժամանակ:

«Սիրելի  երիտասարդներ, ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերներն ենք, աջակիցն ու հովանավորը: Ուս ուսի, ձեռք ձեռքի տված շատ անելիքներ ունենք մեր պետության հզորացման գործում: Ջանք մի խնայեք ձեր նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու և լավագույն ապագան կերտելու համար: Ցավով նշեմ, որ մեր ուսանողներից շատերն իրենց կյանքը չխնայեցին և հերոսացան Արցախյան պատերազմում: Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև նրանց կորցրած ապագային»,- նշեց նախարարը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝  «Փաստաթղթերի շուկայի վերլուծության և կառավարում» մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ժորա Ստեփանյանը նշեց, որ ինքը մրցույթի ցանկում ընդգրկվել է բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության շնորհիվ, միևնույն ժամանակ  հանդիսանում է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի օգնականը:

 «Այսպիսի մի խոսք կա, ասում են. «Ուանողական տարիները լավագույն տարիներն են»: Հենց այդ տարիները ամենակարևորն են երիտասարդների կյանքում, որ պետք է ցուցաբերեն բաձր հասարակական ակտիվություն և ունենան գերազանց առաջադիմություն, որպեսզի ապագայում կարողանան ստեղծել փայլուն կարիերա»,- ասաց Ժորա Ստեփանյանը:

Նշենք, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնք, ըստ կրթական աստիճանների՝ բակալավր և մագիստրոս, և 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ, զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ: Ընդհանուր առմամբ  մրցույթի ամբողջ բյուջեն կազմել է 12 միլոն դրամ: